Գուրիայում, Աջարիայում և Բաթումիում դժվարանցանելի ճանապարհներ կան

Գուրիայում տեղացած առատ տեղումները խնդիրներ են ստեղծել թե՛ տեղաշարժի, թե՛ էլեկտրաէներգիայի մատակարարման առումով։ Այս մասին հայտնում է Գուրիայի նահանգապետ Գիորգի Ուրուշաձեն՝ հավելելով, որ բոլոր մունիցիպալիտետներում շարունակվում են խնդիրների լուծման նպատակով տարվող աշխատանքները։ 

«Չոխատաուրիի մունիցիպալիտետում ինտենսիվ մաքրվում է Սաջավախո-Բուռնատի Նաբեղլավի գյուղի կենտրոնական ճանապարհը։ Լանչխութի մունիցիպալիտետի Ացանա-Աքեթիում՝ ճանապարհն արդեն ամենուր մաքրվել է, և այս խնդիրը վերացվել է, ինչպես նաև ինտենսիվ մաքրվում են ներքին ճանապարհները։ Ինչ վերաբերում է Օզուրգեթիին, ապա մաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր և դեռ շարունակվում են»,- ասել է Գիորգի Ուրուշաձեն։ 

Ուրուշաձեի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի բնակչությունը խնդիրներ չունենա։ 

Աջարիայում առատ տեղումների պատճառով բարձրլեռնային գյուղերում և Բաթումում տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջացել։  Խուլոյի բնակիչներն ասում են, որ տեղումների պատճառով գյուղերի մեծ մասը փակ է, օգնություն են խնդրում։ 

«Մենք կտրված ենք արտաքին աշխարհից, շտապօգնության մեքենաները չեն գալիս, տեղական իշխանություններին խնդրում ենք ժամանակին մաքրել ճանապարհները»,- ասել են Խուլոյի բնակիչները։ 

Կեսօրին Աջարիայի ճանապարհների դեպարտամենտից էլ հայտնել են, որ Աջարիայի բոլոր մունիցիպալիտետներում մոբիլիզացված է ծանր տեխնիկա, և շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները․

«Ձյան առատ տեղումների պատճառով Աջարիայի ճանապարհների վարչությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ Բարձր գոտու գյուղերում ձյան ծածկույթը գերազանցել է 2 մետրը։ Աջարիայի ճանապարհների դեպարտամենտի տեխնիկան 24-ժամյա ռեժիմով մաքրում է միջհամայնքային ճանապարհները»։ 

Ինչ վերաբերում է Բաթումին, քաղաքապետարանից հայտնել են, որ ամբողջ գիշեր Բաթումիի ճանապարհները մաքրվել են ձնից․

«Առայժմ ինտենսիվ մաքրման աշխատանքներ են իրականացվում, մոբիլիզացվել են քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները»։