Հայաստանը Վրաստանի հետ միասին պատրաստվում է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը կյանքի կոչել

Սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Վրաստանում էր գտնվում երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով։ Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։ Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Առաջին հայացքից ՀՀ վարչապետի այցելությունը սովորական պաշտոնական այց էր Վրաստան  եւ այն առանձնահատուկ ոչինչով կարող էր աչքի չընկներ, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք։ Այցը տեղի էր ունենում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած 44 օրյա պատերազմից հետո, երբ տարածաշրջանում նոր իրողություններ են հաստատվել։ Պատերազմի օրերին մշտական ռեժիմով բոլորը ականատես էին լինում մամուլում հրապարակվող սկանդալային նյութերի ըստ որոնց Թուրքիան Վրաստանով դեպի Ադրբեջան զենք զինամթերք էր փոխադրում։ Չնայած վրացական կողմի բազմաթիվ հերքումների, կատարվածը չէր կարող բացասական չազդել հայ մարդկանց գիտակցության եւ հայ-վրացական հարաբերությունների վրա։ Սակայն իրավիճակը մի փոքր մեղմվեց այն բանից հետո, երբ Վրաստանի ակտիվ մասնակցությամբ Բաքուն ազատ արձակեց մի խումբ հայ գերիների։ Սրա հետ մեկտեղ Վրաստանը քաղաքական փոքրիկ ազդակներով հասկացնել տվեց Հայաստանին, որ պատրաստ է հարաբերությունների խորացման եւ նոր մոտեցումների, քանզի Արցախյան պատերազմի նմանատիպ ավարտը եւ ռուսական կողմի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման ծրագիրը, ինչպես նաեւ Ռուսաստանի նոր ռազմական ներկայությունը Արցախում ոչ բարենպաստ միջավայր ստեղծեցին Վրաստանի համար։ Եւ դրանով փաստացի Վրաստանը հասկացավ, որ իրեն Ադրբեջանը, Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին դուրս է մղելու տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերից։

Դրանից բացի պատերազմից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի սուվերեն տարածքներին եւ ձգտում է ամեն գնով Սյունիքով միջանցք ստանալ, ինչին կտրականապես դեմ են մի շարք երկրներ, որոնց թվում է ԱՄՆ, Իրանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Վրաստանը եւ մի շարք այլ երկրներ։ Խոսքը այստեղ ոչ թե լոկ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին է, այլ նրա, որ տվյալ երկրները շահագրգռված են Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրով, որը անցնելու է Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով։ Այդ իսկ պատճառով Սյունիքի շուրջ լարվածությունը ձեռնտու չէ, Իրանին, Հնդկաստանին, Վրաստանին, ԵՄ երկրներին ու նույնիսկ Չինաստանին ու ԱՄՆ-ին։ Այս հարցի շուրջ համընկնում են նույնիսկ Իրանի եւ ԱՄՆ-ի շահերը, որոնք թշնամական երկրներ են համարվում։

Ծրագրին բնականաբար դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք ամեն գնով փորձում են տապալել այն, քանզի դրանով Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս շրջափակումից այլ նաեւ զրկում է Ադրբեջանին ու Թուրքիային տվյալ նախագծին հնարավոր մասնակցությունից։ Հարցը նրանում է, որ եթե Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցք չիրականացվի Հայաստանի տարածքով, ապա այն կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքով, որը մեղմ ասած հարմար չէ մասնակից բոլոր պետությունների համար եւ առաջին հերթին Իրանի, Հունաստանի եւ Բուլղարիայի համար, որոնք հիմնական կողմերն են համարվում տվյալ ծրագրում։ Դա եւս պատճառներից մեկն է, որ Բաքուն փորձում է ապակայունացնել իրավիճակը Սյունիքի շուրջ, հաճախ ճանապարհներ է փակում ու անկայուն իրավիճակ առաջացնում Հայաստանի շուրջ։ Այս կոնտեքստում մինչեւ վերջ պարզ չէ նաեւ Մոսկվայի դիրքորոշումը, որը մի կողմից ստորագրել է տվել կողմերին եռակողմ տխրահռչակ հայտարարությունը կրակի դադարեցման մասին, դառնալով տվյալ փաստաթղթի իրականացման երաշխավորը, իսկ մյուս կողմից չի կարող կամ չի ուզում ստիպել Ադրբեջանին հետեւել ստորագրված փաստաթղթի կետերին։ Այստեղից երեւում է, որ Մոսկվան Արցախյան հակամարտության եւ Հայաստանի սահմանների շուրջ ունի այլ մոտեցում եւ լարվածության պահպանումը լրիվ այլ նպատակ է հետապնդում, որը կարծես թե ոչ մի կերպ չի համընկնում Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրի հետ։ Կարճ ասած Ռուսաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին ունի այլընտրանքային ծրագիր, որը ՌԴ-ն կապելու է Թուրքիային Սյունիքի եւ Նախիջեւանի միջոցով։

Կարծես հենց դա է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ակնարկեց, որ ինքը կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որը թույլ կտա Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել միմյանց ճանապարհներից, բնականաբար առանց միջանցքների հասկացողության։ Դրանից բացի նա Վրաստան մեկնելուց առաջ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է խոսել, ինչը Թբիլիսի այցից առաջ պատահական չի կարելի համարել։ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։

Նիկոլ Փաշինյանն փաստացի դրանով արձագանքեց Թուրքիայի նախագահի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Էրդողանն օրեր առաջ ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ`բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: «Մենք պատրաստ ենք նման խոսակցության», — շեշտեց  Հայաստանի կառավարության ղեկավարը՝ շարունակելով․ — «Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը։ ԵՄ-ն, Ֆրանսիան, Նահանգները ևս հետաքրքրված են այս գործընթացով»։

Բնականաբար Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետաքրքրությունը այստեղ Արեւելք-Արեւմուտք կապող ճանապարհն է, իսկ Ֆրանսիա Նահանգներ ՀՀ վարչապետի ասածում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցք։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին կստանան ապաշրջափակված ճանապարհներ Հայաստանի եւ բռնագրավված Արցախի տարածքներով, ինչի դիմաց Հայաստանը կստանա նմանատիպ ճանապարհ դեպի ՌԴ Ադրբեջանի տարածքով եւ ճանապարհ Թուրքիայի միջով արտաքին աշխարհի հետ։ Այստեղից պարզ է դառնում թե ինչու հենց հիմա Երեւանը խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները անդրադարձան տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման եւ ռեգիոնալ խաղաղության մասին։ Խնդիրը նրանում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը առիթ են փնտրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու, իսկ նման հայտարարություններով Հայաստանը ամբողջ աշխարհին ի ցույց է դնում, որ հայկական կողմը պատրաստ է հարաբերությունների վերականգնման։ Ինչպես ասվում է քաղաքականությունը դա հնարավորի արվեստ է եւ հյուսիս-հարավ կարեւորագույն ծրագրի իրականացման համար պետք էր խոսել պանթուրքիզմի արեւելք-արեւմուտք ճանապարհի մասին, իսկ թե երբ կլինի վերջինս դա ժամանակը ցույց կտա հիմա կարեւորը Իրանից դեպի Վրաստան երկար սպասված ճանապարհի կառուցումն է, որ մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի ու Վրաստանի համար։

Տվյալ ծրագրի իրականացման միջոցով Հայաստանը իր տնտեսական կախվածությունը կթուլացնի Ռուսաստանից, իսկ Վրաստանը՝ Ադրբեջանից ու Թուրքիայից եւ դրա հետ մեկտեղ զգալի կամրապնդվի երկու երկրների ինքնիշխանության մակարդակը, ինչը հնարավորություն կընձեռնի առանց ձեւական կենացաճառերի իրական հողի վրա խորացնելու հայ-վրացական հարաբերությունները։

Հեղինակ՝ Էդուարդ Այվազյան, Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։