ՀՀ վարչապետի այցը Վրաստան. ի՞նչ քննարկեցին կողմերը

Սեպտեմբերի 8-9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում էր: Սա Փաշինյանի առաջին այցն էր Վրաստան` հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից եւ նրա` վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Փաշինյանի առաջին այցն էր նաև 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած լայնամասշտաբ պատերազմից հետո։

Այցի առավոտյան Երևանում տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նշեց, որ վարչապետ վերանշանակվելուց հետո եղել է Իրանում, իսկ հաջորդիվ լինելու է Վրաստանում, և երկու դեպքում էլ օրակարգում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է՝ այս համատեքստում կարևորելով «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Իրանի հետ Հայաստանի սահմանը կապում է Վրաստանի սահմանի հետ։

Այցը կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներով, ինչպես նաև երկու երկրների, այդ թվում տարածաշրջանի համատեքստում համագործակցության խորացման շուրջ հարցերով:

Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը պաշտոնապես դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Փաշինյանն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել իր վրաստանյան գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչպես դեմ-առ դեմ, այնպես էլ՝ ընդլայնված ձևաչափով: Վարչապետները համատեղ հայտարարություն են արել մամուլի համար:

Ալիք Մեդիան առանձնացրել է համատեղ հայտարարության ընթացքում հնչած կողմերի հիմնական ուղերձները:

Կոնֆլիկտներ և տարածաշրջան

Իր խոսքում Փաշինյանը երախտագիտություն հայտնեց վրացական կողմին և Վրաստանի վարչապետին` այն ջանքերի համար, որ Վրաստանը գործադրել է Ադրբեջանից 15 hայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում՝ ընդգծելով, որ դա նշանակալի նպաստ էր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Թեմայի շուրջ վարչապետը կատակեց, որ այդ օրերին վրաց գործընկերոջ հետ ավելի շատ էր շփվում, քան՝ իր էլեկտորատի: Խոսելով տարածաշրջանում հակամարտությունների մասին, Փաշինյանը նշեց. «Կարծում եմ, որ հնարավորությունների կիրառման հարցում միմյանց աջակցելն այն բանաձևն է, որ կնպաստի ռիսկերի կառավարման հարցում»: 

Այսպիսով, խոսվեց նաև տարածաշրջանային մակարդակում համագործակցության մասին՝ տարանցիկ ճանապարհներ, տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում և այլն: Տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման հարցում ընդգծվեց Իրանի ու Վրաստանի հետ բանակցությունների օրակարգը:  Փաշինյանը նշեց, որ հարևան երկրների հետ հարաբերությունների խորացումն իր իշխանության արտաքին քաղաքականության հիմնական ու կարևոր ուղղությունն է լինելու: Իր հերթին, Ղարիբաշվիլին տարածաշրջանի պետությունների կապող հիմնական ուղղությունների իր տեսլականն է նշել՝ «Կայունություն, բարեկեցություն և խաղաղություն»:

 Միջգերատեսչական համագործակցություն և կորոնավիրուսի դեմ պայքար

Փաշինյանը շեշտեց, որ շուտով կակտիվանա նաև երկու երկրների միջգերատեսչական  համագործակցությունը, նշեց նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարում իրար օգնելու պատրաստակամություն կա:

Վրաստանի էթնիկ հայերի հարցը

Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ նաև Վրաստանի հայությանը` նշելով, որ նրանք կշարունակեն Վրաստանի միասնականության համար լումա ներդնել և Վրաստանի զարգացման հարցում կարևոր դերակատարներ կլինեն: Նա նաև շնորհակալություն հայտնեց Ղարիբաշվիլիին, որ նպաստում են հայության ինքնության պահպանությանն ու զագացմանը Վրաստանում:

Նշենք, որ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում էին  փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: