Հայաստանը Վրաստանից երջանիկ երկիր է

Հայաստանը ավելի երջանիկ երկիր է, քան Վրաստանը, վկայում է Երջանկության համաշխարհային զեկույցը (World Happiness Report):

Ամենամյա զեկույցում ներկայացված է 143 պետություն: Տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է Հայաստանը, իսկ վարկանիշային աղյուսակում` 82-րդն է: Հայաստանին հաջորդում են Վրաստանը՝ 91-րդն է, Թուրքիան 98-րդն է, Իրանը 100-րդն է, Ադրբեջանը՝ 101-րդը: Ռուսաստանն այս աղյուսակում 72-րդն է:

Ըստ վարկանիշը կազմողների՝ համավարակից հետո աղյուսակը գրեթե անփոփոխ է մնացել։  Զեկույցի հեղինակները վարկանիշը կազմելիս և տարբեր երկրներում երջանկության մակարդակը որոշելիս հաշվի են առել մի քանի հիմնական գործոն.

  • սոցիալական աջակցություն,
  • եկամուտ,
  • առողջություն,
  • ազատություն,
  • կոռուպցիայի բացակայություն:

Զեկույցի հրապարակումը համընկնում է Երջանկության միջազգային օրվա հետ, որը նշվում է մարտի 20-ին։ Համաշխարհային երջանկության զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 2012 թվականից: