Հայաստանի ԱԳ նախարարը Թբիլիսիում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումին

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Նախարար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու կապակցությամբ ֆորումի մասնակիցների կողմից հնչած շնորհավորանքների համար, մասնավորապես, նշել է. «Ապրիլ-մայիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածն, իրապես, շատ կարևոր էր։ Ապրիլ-մայիսի իրադարձությունները տեղի չունեցան պարզապես ոչնչից. ինստիտուցիոնալ կարողությունների հետևողական ամրապնդումն էր, որ թույլ տվեց հայ հասարակությանն առերեսվելու այդ ամիսներին տեղի ունեցած զարգացումներին: Մեզ շատ հաճախ են ուղղել ապրիլին և մայիսին տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող հարցեր. դա բացառապես ներքին հարց է, բացառապես Հայաստանով պայմանավորված գործընթաց:

Նախարարի խոսքով, նախորդ ամիսների ընթացքում կառավարության առաջնային նպատակները հիմնված են եղել հասարակության շատ պարզ, լայն, ամուր մանդատի վրա, և պահանջների ցանկում առաջնահերթությունները պայմանավորված էին արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հարցերով»։

«Շատ ոգևորիչ է, որ վարչապետի կուսակցությունը հետևողական էր տրված մանդատի շրջանակներում այդ հարցերին լուծում տալու իր մղման և հասարակական այդ հզոր աջակցությունը պահպանելու մեջ, աջակցություն, որն արտացոլվեց կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ։ Միջազգային դիտորդական առաքելությունները շատ բարձր են գնահատել Հայաստանում կայացած ընտրությունները, ինչը շատ կարևոր է և արտահայտում է մեր գործընկերների հետ համագործակցության բնույթը։ Սակայն այս ամենում ամենակարևորը ընտրությունների արդյունքների ընդունումն է հասարակության,  ընտրական գործընթացի մասնակիցների կողմից»,-ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Անդրադառնալով նախընտրական արշավի կազմակերպմանը՝ նա ընդգծել է քաղաքական նոր մշակույթի ներդրումը, ներառյալ ընտրություններում մրցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ հեռուստաբանավեճը:

«Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն են և հայամետ։ Մեր գործընկերությունը Եվրոպական Միության հետ պայմանավորված է հենց այդ հրամայականով՝ ԵՄ ինստիտուցիոնալ, ֆինանսական աջակցությունը, ունեցած փորձը ներդնելու մեր  երկրի զարգացման գործում։ Այս ամենը նույնն է Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության դեպքերում։ Խոսքը գնում է կարևոր միջազգային կազմակերպությունների, նրանց խորը փորձագիտական կարողությունների մասին, որոնք կարող են օգտագործվել մեր երկրի կարիքների համար»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանի խոսքով՝ այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Արևելյան գործընկերությունը: «Երկրները տարբեր են, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր համար որ քաղաքականությունն է կիրառելի այս պարագայում: Համագործակցության արդյունավետության գնահատականը պայմանավորված է նրանով, թե ինչպես է այն ծառայում միասին աշխատելու նպատակին: Կարծում եմ՝ դա ճիշտ և կարևոր ուղերձ է հղում Եվրամիության գործընկերներին, որ Եվրամիության արևելքում կա երկրների խումբ, որը ձգտում է համագործակցել ԵՄ-ի հետ` տարածաշրջանային փոխկապակցվածության և միասնականության համատեքստում»:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշել է. «Հայաստանյան վերջին գործընթացները ուղղորդված էին ուժեղ հանրությամբ և հզոր քաղաքացիական հասարակությամբ: Ես հատկապես ընտրեցի գալ այստեղ, որպեսզի իմ հարգանքը հայտնեմ բոլորիդ, շնորհակալություն հայտնեմ ձեզ, որովհետև քաղաքացիական հասարակությունը հսկայական ուժ է: Ես գալիս եմ մի ​​երկրից, որը տեսել է դրա հզորությունն ու արժեքը:

Ես պարզապես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ՝ քաղաքացիական հասարակությանը, շնորհակալություն ձեր կատարած քրտնաջան աշխատանքի համար. ձեր գործընկերությունը չափազանց կարևոր է»: