Ուկրաինայում պատերազմը աղետ է ողջ տարածաշրջանի համար. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկմանը շեշտել է, որ Ուկրաինայի պատերազմը աղետ է ողջ տարածաշրջանի համար:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տվել, որ երկրներն ու ժողովուրդները պետք է դիվերսիֆիկացնեն իրենց տնտեսությունները:

«Մինչ պատերազմը երկրներն ավելի քիչ ուշադրություն էին դարձնում Միջին միջանցքին, սակայն պատերազմից հետո ուշադրությունը մեծացել է։

Կրկնեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որ մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի հետ՝  ռազմավարական գործընկերություն։ Ներկայում մեծ ներդրումներ ենք կատարում ենթակառուցվածքներում, մայրուղիները, որոնք կառուցման փուլում են, պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի վերջը։ Այս ճանապարհային ենթակառուցվածքի կառուցման համար ներդրվել է 2,3 միլիարդ դոլար, և դա կօգնի տրանսպորտային ուղղության զարգացմանը»,- ասել է Ղարիբաշվիլին։