Հայազգի պատգամավորները չեն օգտվում ելույթի իրավունքից

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 83 պատգամավորներից 11-ը, որոնք կողմ են քվեարկել «ռուսական օրենքին», խորհրդարանում (2020-2022 թվականներին) չեն օգտվել ելույթի իրավունքից: Տեղեկացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը:

Ուշագրավ է, որ ըստ TI-ի՝ ելույթի իրավունքից չեն օգտվել նաև «ռուսական օրենքի» կողմնակից, Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: TI-ը ներկայացնում է հետևյալ պատգամավորների անունները.

  1. Էլգուջա Գոցիրիձե,
  2. Իսկո Դասենի,
  3. Սուբատ Կյուրեղյան,
  4. Սամվել Մանուկյան,
  5. Գոգի Մեշվելիանի,
  6. Դիմիտրի Սամխարաձե,
  7. Գոդերձի Չանքսելիանի,
  8. Վասիլ Չիգոգիձե,
  9. Վիկտոր Ջափարիձե,
  10. Էդիշեր Տոլորաիա,
  11. Զաալ Միքելաձե:

Ի դեպ, «Վրացական երազանքը» «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ՝ չվերադառնալ նախագծին։

Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել․ քաղաքացիները ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։

Իշխանությունները վիճահարույց օրենքի աջակիցների հանրահավաք կանցկացնեն