Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Թբիլիսիում

Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական նոր թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանում մի շարք պետությունների դեսպաններ:

Վրաստանի Գ․ Լեոնիձեի անվան գրականության պետական թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն ոգեկոչման իր խոսքն ավարտեց «կեցցե՛ն հայերը» արտահայտությամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը:

«Այս օրը ողջ քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է։ Կարևոր է, որ մենք հավուր պատշաճի հարգենք անմեղ զոհերի հիշատակը, նրանց հոգիները կխաղաղվեն միայն այն դեպքում, եթե ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Ուրախ եմ, որ այսօր մեզ հետ էին նաև վրացի քաղաքական գործիչներ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը, նաև մտավորականներ, այլ երկրների դիվանագետներ», — ասաց դեսպան Սմբատյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։

«Պատմության մեջ շատ են եղել մարդկանց զանգվածային ոչնչացման դեպքեր, սակայն հայերի ցեղասպանությունը պատմության ամենամեծ ողբերգություներից մեկն է, սպանվեցին միլիոնավոր մարդիկ։ Լավ է, որ հայությունն այսօր հույսով է լցված, հավատում է ավելի լավ ապագային», — ասաց խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին և Ցեղասպանության ճանաչման հետ կապված մեր հարցին պատասխանեց․ «Դա քաղաքական սպեկուլյացիաների հետ ավելի շատ է կապված։ Վրաստանը տարածաշրջանում մեծ դիվանագիտական դեր ունի, և այդ դերը ճիշտ օգտագործելու դեպքում խաղաղությունկհաստատվի»։

«Գենոցիդ՝ նշանակում է ժողովրդի ոչնչացում էթնիկ պատկանելությունից ելնելով, նման ցեղասպանություններ և՛ հայ, և՛ վրաց ժողովուրդը շատ է տեսել։ Ուստի պետք է միասին պայքարենք ճնշման դեմ, որն այսօր նույնպես շարունակվում է աշխարհում», — ասաց Վրաց Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի, Կումուդոյի և Կարիի թեմի մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին։

Երաժշտական կատարումով հանդես եկան երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան և դաշնակահար Արսեն Կարապետյանը։ Իրինա Օհանջանովան պատմեց Հայոց ցեղասպանությունը վերապրածի պատմություն։

Միջոցառումն ավարտվեց բարեխոսական աղոթքով։