«Հայրենասերների դաշինքի» 3 պատգամավոր զրկվեցին մանդատներից

Վրաստանի խորհրդարանը այսօրվա արտահերթ լիագումար նիստում  «Հայրենասերների դաշինք» կուսակցության 4 պատգամավորներից 3-ի լիազորությունները դադարեցրեց  : 

Այսօրվանից մանդատներից պաշտոնապես  զրկվեցին  Իրմա Ինաշվիլին, Գիորգի Լոմիան և Գոչա Թևդորաձեն:

«Հայրենասերների դաշինք» կուսակցության 3 անդամը խորհրդարանին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել դեկտեմբերի 21-ին: Ինչ վերաբերում է 4-րդ պատգամավոր Ավթանդիլ Էնուքիձեն, նա չի պատրաստվում հրաժարվել մանդատից:

«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը չի չեղարկել նաև կուսակցական համամասնական ցուցակը, որը հնարավորություն է տալիս մանդատներից հրաժարված պատգամավորների տեղը զբաղեցնել ըստ ցուցակի հաջորդականությամբ գրանցված թեկնածուներին:

Խորհրդարանը դեռ չի քննարկել մնացած 51 պատգամավորների մանդատներից հրաժարվելու հարցը: Մանդատներից հրաժարվելու դիմում ավելի վաղ ներկայացրել էին քաղաքական հետևյալ միավորումները.

  • «Ուժը միասնության մեջ է-Միացյալ ազգային շարժում» — 36 մանդատ,
  • «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
  • «Շինարար ռազմավարություն» — 4 մանդատ,
  • «Լելո» — 4 մանդատ,
  • «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ,
  • «Գիրչի — շատ ազատություն» — 1 մանդատ:

Մանդատներից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել «Գիրչի» (3 մանդատ) և «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» (2 մանդատ) կուսակցությունները, սակայն վերջիներս նույնպես գտնվում են բոյկոտի ռեժիմում: