Վրաստանում արձագանքել են Ռամսֆելդի հոդվածին

Վրաստանում արձագանքել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի՝ «ԱՄՆ-ի անկյունաքարային շահերը առկա են Վրաստանում»  վերնագրով հոդվածին: 

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը գտնում է, որ Վրաստանը էլ ավելի կխորացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: «Սա ապացուցում  է, որ  2012թ-ին ժողովրդավարական արդյունքներն էլ ավելի են հաստատվել 2016 թ-ի ընտրություններով: Բոլոր այս հայտարարությունները մեզ համար դրական ազդանշան են»,— հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Սեսիաշվիլին, հաղորդում է վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Նշենք, որ  Սեսիաշվիլին Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավարն է:

Իսկ ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժմանը»` կուսակցության անդամները գտնում են, որ ընթացիկ գործընթացներում, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ կապված, Վրաստանն ակտիվորեն պիտի պաշտպանի իր շահերը:

Փորձագետների կարծիքով, Ռամսֆելդի խորհուրդները պետք է հաշվի առնեն ինչպես Վրաստանի կառավարությունն ու ԱՄՆ-ի համապատասխան մարմինները, այնպես էլ եվրոպական գործընկերները:

Հիշեցնենք, որ հոդվածում ԱՄՆ-ի ուժային կառույցի նախկին պաշտոնյան խոսել է Արեւմուտքի համար Վրաստանի կարևորության մասին, ինչպես նաև ԱՄՆ-ի նորընտիր նախագահի վարչակազմին Վրաստանի հետ անելիքների վերաբերյալ մի շարք խորհուրդներ տվել:

Թողնել պատասխան