ՀԲ-ն կրթական համակարգի համար 90 մլն եվրո կհատկացնի. Բախտաձե

Համաշխարհային բանկը (ՀԲ) կրթական համակարգի համար 90 մլն եվրո կհատկացնի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ գումարի հատկացման պայմանագիրը կկնքվի այսօր՝ հունիսի 18-ին:

«Ուզում եմ ազդարարել շատ կարևոր ծրագրի մասին, այն մեր ազգային ծրագիրն է՝ կրթության կարևորագույն մասը: ՀԲ-ն կրթական համակարգի համար կհատկացնի 90 մլն եվրո: Մեզ համար շատ կարևոր է, որ միջազգային ֆինանսական ինստիտուտը աջակցում է կրթական բարեփոխմանը: Այս ծրագիրը կնպաստի մեր քաղաքացիների բարեկեցությանը», — հայտարարել է Բախտաձեն:

Նրա խոսքով, ծրագրի շահառուները կլինեն դպրոցի աշակերտները, բուհերի ուսանողները, կընդգրկվեն նաև նախադպրոցական կրթական հաստատությունները: Ծրագրում շեշտը դրված է աշակերտների վրա, ովքեր սովորում են բարձր լեռնային շրջաններում, այդ թվում առանձին ծրագիր կա ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների աշակերտների աջակցության համար: