«Այսօր Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2025 թվականի աղքատության մակարդակը, որը նվազել է մինչև 7.1 տոկոս։ Սա նշանակում է, որ 2025 թվականին, 7.5 տոկոս տնտեսական աճի ֆոնին, մեր 90 հազար հայրենակիցներ կհաղթահարեն աղքատությունը»,- մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ Կոբախիձեի` 2020 թվականից ի վեր Վրաստանում աղքատությունը նվազել է ուղիղ երեք անգամ՝ 21.3 տոկոսից մինչև 7.1 տոկոս։
«Այս 5 տարվա ընթացքում աղքատության տարեկան միջին նվազումը կազմել է 2.84 տոկոսային կետ։
Հիշեցնենք, որ 2012 թվականին մեր ավելի քան 1 միլիոն 120 հազար հայրենակիցներ ապրում էին աղքատության գծից ցածր, իսկ 2025 թվականին այդ թիվը գերազանցեց 280 հազարը։
Մեր ամենակարևոր ազգային խնդիրներից մեկը Վրաստանում աղքատության լիակատար վերացումն է։ Քանի դեռ մեր մինչև 280 հազար հայրենակիցներ դեռևս ապրում են աղքատության գծից ցածր, բնականաբար, մենք իրավունք չունենք թուլացնելու մեր ուշադրությունը», — նշել է վարչապետը։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, եթե պահպանվի բարձր տնտեսական աճի և աղքատության կրճատման ներկայիս միտումը, ապա մինչև 2030 թվականը աղքատության վերացումը բավականին իրատեսական է։
Նրա խոսքով, 2020 թվականից ի վեր Վրաստանի տնտեսությունը լարիով 50 միլիարդից աճել է մինչև 105 միլիարդ, իսկ ԱՄՆ դոլարով 16 միլիարդից՝ մինչև 38 միլիարդ, և տնտեսական աճի բարձր տեմպի պահպանումը կառավարության ամենակարևոր խնդիրն է։