Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաներին օգնելու համար հավաքվել է 1 միլիոն 600 հազար լարի, տեղեկանում ենք ուսանողական «Պաշտպանիր Իլիաունին» (Daitsavi Iliauni) շարժման ֆեյսբուքյան էջից։
«Պաշտպանիր Իլիաունին» շարժման բարեգործական մարաթոնին միացել են տասնյակ ընկերություններ, այդ թվում՝ հրատարակչություններ, համալսարաններ և կլինիկաներ։ Ուղիղ հեռարձակումն (live stream) այս պահին էլ շարունակվում է անընդմեջ ռեժիմով, և ուսանողների հայտարարության համաձայն՝ մարաթոնը չի դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ նվիրատվությունները շարունակվում են։
Շարժման փոխանցմամբ՝ հավաքված գումարը կուղղվի Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ամենօրյա կարիքներին։ Այդ թվում՝ շնչառական ապարատների և դրանց անխափան աշխատանքի համար անհրաժեշտ գեներատորների ձեռքբերմանը, դեղորայքին, հարմարեցված (ադապտացված) մահճակալներին, սայլակներին և ողնաշարի տարբեր տեսակի վիրահատությունների ֆինանսավորմանը։
Հիշեցնենք, որ ուսանողները «1 լարիի մարաթոնը» սկսել են մայիսի 20-ին։