ՀՀ դեսպանությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից

Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր: Այս հաղորդագրությունը տարածել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը տարածել է նաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը՝ վրացերեն։

Հաղորդագրության միջոցով Վրաստանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որ նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ:

Ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցութունները:

Խստորեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ: