Մարզադահլիճ՝ առանց մարզասարքերի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա գյուղի նախկին դպրոցի շենքի մի մասը վերանորոգվել է որպես մարզադահլիճ, սակայն դեռևս չունի մարզասարքեր, ուստի չի կարողանում ծառայել իր նպատակին։

Շենքը վերանորոգվել է անցյալ տարի՝ 2023 թվականին, փոխվել են պատուհաններն ու դռները, սակայն դեռ հայտնի չէ՝ կունենա արդյոք մարզասարքեր, թե՝ ոչ։

Օրջա գյուղի երիտասարդներից Սարգիս Հակոբյանն ասում է, որ սա գյուղի համար ամենաանհրաժեշտ ծրագրերից է, երիտասարդները շատ են կարևորում մարզադահլիճի առկայությունը. նրա խոսքով, գյուղում գործունեության կենտրոն չկա, ուստի մնում է միայն գյուղի կենտրոնում հավաքվել, ինչն այնքան էլ ցանկալի չէ։

Շենքն առաջին անգամ վերանորոգվել է «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում, որոշվել է գյուղին հատկացված 16 հազար լարին տրամադրել երիտասարդների համար նախատեսված սպորտդահլիճի կառուցման համար։ Գումարը, սակայն, չի բավականացրել, ուստի 2022 թվականին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը խոստացել է տեղական բյուջեով նախագիծն ավարտել հաջորդ տարի։

«Հանդիպում եմ ունեցել գյուղացիների հետ, եղել եմ տվյալ տարածքում, հաջորդ տարի կունենանք ընդհանուր նախագիծ, տեղական բյուջեով կավարտենք սկսված աշխատանքները։ ​​«Աջակցություն գյուղին» ծրագիրը, եթե կյանքի կոչվի, մի քանի տարի կպահանջվի», — սեպտեմբերի 11-ին Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից էլեկտրոնային մրցույթը հայտարարելուց հետո տեղական Jnews լրատվականին տված հարցազրույցում ասել է քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

2023 թվականի սեպտեմբերի 7-ին հայտարարվել է էլեկտրոնային մրցույթ, որի շրջանակներում շենքի վերանորոգման համար հատկացվել է լրացուցիչ 63 հազար 559 լարի (առանց ԱԱՀ)։ Աշխատանքները պետք է կատարվեին «Մորֆ 9.4» ՍՊԸ-ի կողմից կազմված նախագծին համապատասխան։ Մրցույթի միակ մասնակիցը անհատ ձեռներեց Զոյա Համազարյանն էր, որի հետ պայմանագիր է կնքվել 2023 թվականի սեպտեմբերի 29-ին։ Աշխատանքների ընդհանուր արժեքը, ըստ պայմանագրի, կազմել է 60 հազար լարի։ Սկզբում Ախալքալաքի քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել Կումուրդո (Գումբուրդո) գյուղում դպրոցի և զբոսայգու պարսպապատման ու տաղավարի կառուցման համար, սակայն ստորագրման օրը փոփոխություն է կատարել, նշվել է Օրջա գյուղի մարզադահլիճի վերանորոգումը։ Պայմանագրում չի բացատրվում, թե ինչու է նման փոփոխություն կատարվել։

2023 թվականի նոյեմբերի 10-ին էլեկտրոնային մրցույթի հաղթողը ներկայացրել է ծախսերի նոր նախահաշիվ, որի հիման վրա ծրագրի բյուջեն ճշգրտվել և կրճատվել է մինչև 42 հազար լարի։ Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն դեկտեմբերի 13-ին անհատ ձեռնարկատիրոջը վճարել է գումարի 93 տոկոսը՝ 39 հազար 400 լարի։ Վճարումը կատարվել է դեկտեմբերի 11-ին ստորագրված ընդունման և հանձնման ակտի հիման վրա, ըստ որի կատարված աշխատանքների արժեքը կազմել է վերոնշյալ գումարը, իսկ խնայողությունը՝ ավելի քան 20 հազար լարի։

Հարցն ուսումնասիրելիս գտանք Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից հայտարարված ընդամենը մեկ մրցույթ, որով քաղաքապետարանը գնել է մարզագույք, սակայն պարզեցինք, որ սա սպորտային գույքի գնման մրցույթ է, որը պետք է ամբողջությամբ հատկացվի քաղաքապետարանին և ոչ թե Օրջա գյուղին։

Պարզելու համար, թե արդյոք շենքը կկարողանա ծառայել իր նպատակին, և արդյոք այնտեղ կտեղադրվեն մարզասարքեր, կապ հաստատեցինք Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ։

«Անցյալ տարի գյուղացիների խնդրանքով լրացուցիչ միջոցներ հատկացրինք Օրջա գյուղում սպորտդահլիճի կառուցման համար, այն կառուցվել էր գյուղի և քաղաքապետարանի ֆինանսներից հատկացված միջոցներով, որում մարզագույքի գնում նախատեսված չէ, ուստի հետագայում գյուղը պետք է դրանք գնի գյուղին հատկացված բյուջեով»,- պատասխանեց քաղաքապետը։

«Ալիք Մեդիան» կշարունակի ուսումնասիրել խնդիրը՝ հետագայում տրամադրելով թարմացված տեղեկատվություն Օրջա գյուղի մարզասրահի վերաբերյալ։