ՀՀ վարչապետը ցավակցական նամակ է հղել վրաց գործընկերոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթումի քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։

Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում»։

Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին, կեսօրին Բաթումիի Մայիսի 26 փողոցում գտնվող 6 հարկանի շենքի մի մուտքը փլուզվել էր: Փլուզմանը նախորդել էր պայթյունի ձայնը:

Փրկարարները շարունակում են աշխատանքը: Մինչ այս պահը փլատակներից ողջ հանվել են 2 հոգի, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է: Դուրս է բերվել նաև 5 քաղաքացու դի, նրանցից երկուսն անչափահաս են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ: