Հոգեբուժական հաստատություններում իրավիճակը չի բարելավվում. զեկույց

Վրաստանի հանրային պաշտպանի (Օմբուդսմենի) 2025 թվականի զեկույցի համաձայն՝ հոգեբուժական հաստատություններում իրավիճակը չի բարելավվում և շարունակում է մնալ ծանր։

«Բուժառուները շարունակում են դառնալ բռնության զոհ, իսկ նրանց իրավական պաշտպանության երաշխիքներն անտեսված են: Շարունակում են խնդրահարույց մնալ հոգեբուժարանների գերբեռնվածությունն ու խտությունը: Այս խնդիրը հատկապես սուր է խոշոր հոգեբուժական հաստատություններում», — կարդում ենք զեկույցում:

Փաստաթղթում նշված է նաև, որ չլուծված է մնում խոշոր հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Մարտահրավեր է մնում նաև բուժառուների երկարատև հոսպիտալացումը։

«Այն բուժառուները, որոնք ակտիվ բուժման կարիք չունեն, համայնքային ծառայությունների սակավության և գնալու տեղ չունենալու պատճառով չեն կարողանում լքել հաստատությունը», — նշված է զեկույցում:

2025 թվականին կանխարգելիչ այցեր են իրականացվել «Թմրամոլության կանխարգելման և հոգեկան առողջության կենտրոն»-ի հոգեբուժական ստացիոնարում, «Բաց սիրտ — համալսարանական հոսպիտալ»-ի մանկական և մեծահասակների բաժանմունքներում, նաև «Ռուսթավիի հոգեկան առողջության կենտրոն»-ի ստացիոնար բաժանմունքում: