Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր՝ հունվարի 25-ին, Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան (International Holocaust Remembrance Dayնվիրված միջոցառում է անցկացվել:

Հանդիպումը մեկնարկել է «Պատմություններ Հոլոքոստի մասին» ցուցահանդեսով։ Միջոցառմանը քննարկվել են նաև աշխարհում հակասեմիտիզմի ժամանակակից ձևերը։

Միջոցառումը կազմակերպել է Վրաստանի հանրային պաշտպանին առընթեր Հանդուրժողականության կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի աջակցությամբ, որն իրականացնում է Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիան։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի հանրային պաշտպանի Հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին, Հանրային պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն, Վրաստանում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչներ, USAID-ի Վրաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների և կառավարման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Լիսա Կովակը և այլք:

Ի դեպ, Հոլոքոստի զոհերի հիշատակության միջազգային օրը (International Holocaust Remembrance Day) հունվարի 27-ին է նշվում. այդ օրը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2005-ի նոյեմբերին: Փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ հանդես են եկել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, ևս 90 երկիր համահեղինակ է:

Հունվարի 27-ը պատահմամբ չի ընտրված. այդ օրը սովետական զորքերը ազատագրել են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերիներին, վերջինս անվանվել է «մահվան ճամբար»: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1941-45 թվականներին այստեղ 1,4 մլն մարդ է խոշտանգվել, ավելի քան մեկ միլիոնը՝ հրեաներ: