Թբիլիսիի հետիոտնային կամուրջներն ապամոնտաժվում են

Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման ծառայությունը սկսել է ապամոնտաժել մետաղական հետիոտնային կամուրջները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտային ծառայության հետ համաձայնեցվել են մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ հնարավոր է կամուրջները փոխարինել զեբրա-անցումներով:

Դեռևս նախորդ տարվա օգոստոսին քաղաքապետ Կախա Կալաձեն դժգոհություն էր հայտնել հետիոտնային կամուրջների մասով: Դրանք երթևեկելի հատվածի վրայով են կառուցված՝ երկու եզրերից աստիճաններով: Նա ասել էր, որ դրանք բոլորը շուտով ապամոնտաժվելու են, իսկ հետիոտնային անցումների թիվն՝ ավելանալու: Կալաձեն ասել է, որ դրանք նպատակին չեն ծառայում, բնակիչները գրեթե չեն օգտվում: Դրանք հարմարավետությամբ աչքի չեն ընկնում, սահմանափակ կարողություններով մարդկանց համար հարմարեցված չեն: Որպես օրինակ Կալաձեն նշում է Շարտավա փողոցում՝ քաղաքապետարանի դիմացի անցումը: Հենց այս անցումից էլ սկսել են ապամոնտաժումը:

Նշված երկաթե անցումները Թբիլիսիում կառուցվել են 2006-ին՝ Գիգի Ուգուլավայի՝ քաղաքապետ լինելու տարիներին: Նախորդ քաղաքապետ Դավիթ Նարմանիայի ղեկավարության ընթացքում անցումներով հետաքրքվողներ չեն եղել:

Լուսանկարները՝ Թբիլիսիի քաղաքապետարանի էջից