Հարձակումները նախապես ծրագրված էին. ՀԿ-ներ

Վրաստանում գործող 43-ից ավելի հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դատապարտում են Բորջոմիի մունիցիպալիտետում գտնվող «Անհատական ազատության ինստիտուտի» ճամբարի և ընդդիմադիր «Գրիչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեի վրա հարձակումները:

ՀԿ-ներն արձագանքել են նաև հունիսի 17-ին Թբիլիսիի պետական ​​համալսարանում ֆիզիկական բռնության են ենթարկված ուսանողների միջադեպին. իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի դասախոսության ժամանակ, լսարանների մոտ խաղաղ կանգնած ուսանողներ բողոքում էին կուսակցության ռուսամետ քաղաքականության դեմ, երբ վերջիններիս վրա հարձակվել ու ֆիզիկական վնասվածքներ են հասցրել:

Ըստ ՀԿ-ների՝ կարճ ժամանակահատվածում իրականացված երեք հարձակումները հստակորեն նախապես ծրագրված ու կազմակերպված էին։ Նրանց պնդմամբ՝ այս հանցավոր գործողությունները հակասում են վրացական արժեքներին՝ հանդուրժողականությանը և խաղաղությանը։

«Երիտասարդների և երեխաների վրա հարձակումը ոչ միայն խախտում է օրենքը, այլև անհամատեղելի է վրացական հասարակության արժեքների հետ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչների և բնակչության նկատմամբ հետապնդումները Ռուսաստանի, Պուտինի ռեժիմի վարվելաձևն է: Հենց օկուպանտ պետությունն է հետապնդում հակառակորդներին և բռնությամբ խեղդում խոսքի և արտահայտվելու ազատությունը», — նշել են ՀԿ-ները:

Ըստ ՀԿ-ների՝ անչափահասների վրա հարձակումը ամոթալի արարք է, որին դիմում են միայն թույլ ու վախեցած մարդիկ, ինչը լիովին հակասում է վրաց հասարակության հաստատված ավանդույթներին։ ՀԿ-ներն իրավապահ մարմիններին կոչ են անում անհապաղ կանխել ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ։

Տասնյակ ծայրահեղականներ հարձակվել են երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա