Տասնյակ ծայրահեղականներ հարձակվել են երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա

Լուսանկարում՝ Վատո Շաքարեիշվիլին և համախոհները՝ ճամբարում

Վրաստանում, տասնյակ ծայրահեղականների խումբը հարձակվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ու երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա:

Գորիի շրջանի հարակից տարածքում,  հարձակվել են ընդդիմադիր «Գիրչի- առավել ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեի վրա ու ծեծի ենթարկել վերջինիս, ինչից հետո տասնյակ տղամարդկանց խումբ այցելել է Բորջոմիում գտնվող երիտասարդական ճամբար՝ Eco Hotel հյուրանոց, որտեղ պետք է ներկայանար ու դասընթաց վարեր Ջափարիձեն: Վերջիններս հարձակվել են «Անհատական ազատության ինստիտուտի» ճամբարին մասնակցող երեխաների, անչափահասների վրա, քարեր ու ներկ նետել նրանց ուղղությամբ:

Ջափարրիձեին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունն ի սկզբանե տարածել են կուսակցության անդամները՝ ֆեյսբուքյան հրապարակման միջոցով, որտեղ նշել են, որ մեքենայում գտնվող կուսակցության մնացած անդամները եղել են խանութում, իսկ այդ ընթացքում մեքենայում միայնակ մնացած Ջափարիձեի վրա հարձակվել են ու վնասել վերջինիս աչքի հատվածում:

Նշվածի մասին  հրապարակում են արել նաև Վրաստանի ռադիկալ կոնսերվատիվ շարժում «Վրաստանն առաջին հերթին»-ի ներկայացուցիչները. «Հարված ստացավ այն պատճառով, որ վիրավորում է մեր պատրիարքին ու եկեղեցին»,- գրել է «Վրաստանն առաջին հերթին» շարժման հիմնադիր Վատո Շաքարիշվիլին: Հարկ է նշել, որ նշված հարթակը հայտնի է Վրաստանում պահպանողական, հոմոֆոբ, ծայրահեղական հայտրարարություններով ու գործողություններով: Վերջիններս հաճախ են հրապարակում ռուսամետ, քարոզչական տեղեկություն ու Վրաստանում նեկայացնում են Ռուսստանի գաղափարախոսությունը:

Հետագայում, ի հայտ է եկել նաև տվյալ այն մարդն, ով հարձակվել է Ջափարիձեի վրա: Նա ֆեյսբուքյան գրառում է արել տվյալ թեմայով, գրել է՝ «Ես Սոսո Մաիսուրաձեն եմ, տղամարդ Գորիից: Ջափարիձեն ծեծվել է իմ կողմից մեր երեխաներին պղծելու, եկեղեցին վիրավորելու համար»:

Ինչ վերաբերում է ճամբարի մասնակիցների վրա հարձակվողներին, նրանց ինքնությունը դեռևս պարզ չէ, չնայած՝ Գիրչի կուսակցությունը լուսանկար է հրապարակել, որտեղ ճամբարի հարակից տարածքում հավաքված են Վատո Շաքարեիշվիլին և իր համախոհները: Նշենք, որ վերջիններս հերքում են իրենց կապը հարձակման հետ ու նշում, որ մասնակիցներին ծեծի ենթարկողները «վրացի տղամարդիկ են Գորիից, Բորջոմիից, Ախալցիխեից և այլն»:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լևան Իոսելիանին ագրեսիվ խումբ է անվանել մարդկանց, ովքեր հարձակվել են  «Անհատական ազատության ինստիտուտի» ՀԿ-ի  ճամբարում գտնվող մարդկանց վրա: Նա դատապարտել է Ջափարիձեի և ճամբարում գտնվող անձանց նկատմամբ բռնությունը: Վերջինս կոչ է անում իրավապահներին արագ արձագանքել  և՛ Ջափարիձեի, և՛ ճամբարի երեխաների վրա հարձակման դեպքերի հետ կապված:

Դեպքին արձագանքել են Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, վերջիններս ցույց են կազմակերպում երեկոյան 20:00-ին: