Իվանիշվիլին խոստանում է գործազուրկներին աշխատանքի տեղավորել արտերկրում

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի գլխավոր խնդիրը համարում է գործազրկությունը։ Այս մասին նա ասել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում՝ ընդգծելով, որ Վրաստանից մոտ 2 միլիոն մարդ այսօր արտագնա աշխատանքի է մեկնել:

Վրաստանի թերևս ամենաազդեցիկ քաղաքական գործիչը միևնույն ժամանակ ընդգծել է, որ այդ խնդրի լուծումը հեշտ չէ։

«Մեր հիմնական խնդիրն է գործազրկությունը։ Ես դժվարությամբ եմ իմ թիմին համոզել, որ պետք է այս ուղղությամբ աշխատել՝ ելնելով իրականությունից, ոչ թե խոսել էյֆորիայի մեջ ընկնելով: Մենք արմատախիլ պիտի անենք գործազրկությունը, բոլորին աշխատանք տանք՝ տուն վերադարձնելով մեր միգրանտներին»,-ասել է նա։

Նախկին վարչապետն ընդգծել է, որ 10 տարվա ընթացքում Վրաստանում 2 միլիոն աշխատատեղ ստեղծելն ուղղակի անհնար է։

Իշխող ուժի ղեկավարը կարծում է, որ իրատեսական է կարճաժամկետ հեռանկարում արտագնա աշխատանքի մեկնածներին վերապատրաստել՝ արտասահմանում նրանց աշխատանքն օրինականացնելու նպատակով:

Իվանիշվիլին հավելել է նաև, որ հարցի շուրջ աշխատանքներն արդեն սկսված են, բանակցություններ են տարվում գործընկեր երկրների հետ` Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքի վերաբերյալ համաձայնության հասնելու համար:

«Դա իմ նախաձեռնությունն էր, քննարկում էինք Մամուկա Բախտաձեի (նախկին վարչապետ, խմբ․) հետ: Մենք նույնիսկ աշխատանքային խումբ էինք կազմել: Արդեն մի շարք եվրոպական զարգացած երկրների հետ ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ՝ պայմանագրեր կնքելով ու ուշադրություն դարձնելով հատկապես եվրոպացիների մոտ առկա մասնագետների պակասին։ Եվրոպայում աշխատատեղ կա, աշխատուժն է պակասում։ Մենք աշխատուժ ունենք, բայց աշխատատեղ չունենք»,- ասել է իշխող ուժի ղեկավարը:

Հիշեցնենք՝ երկրի իշխող կուսակցության նախագահը նախօրեին հարցազրույց էր տվել «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Նա անդրադարձել էր նաև Թբիլիսիում ընթացող ցույցերին և իրենց խոստմանը, ըստ որի պետք է համամասնական ընտրակարգի անցնեին:

Իվանիշվիլին խոսել է նաև երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին՝ ասելով, որ նրան անձենռմխելիություն է խոստացել։