Հուլիսի 5-ի գործով ՎԵԻԱ-ն բողոք է ուղարկել Ստրասբուրգի դատարան

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»` (ՎԵԻԱ) 16 լրատվամիջոցների ներկայացուցիչների անունից, 2021 թվականի հուլիսի 5-ի դեպքերին առնչվող բողոք է ներկայացրել Ստրասբուրգի դատարան։

ՎԵԻԱ-ն նշել է, որ Ստրասբուրգի դատարան են դիմում լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների անունից՝ Եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի խախտման հարցով։ Մասնավորապես, ըստ ՎԵԻԱ-ի՝ հուլիսի 5-ին խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 4 կետեր՝ խոշտանգումների արգելում, խոսքի ազատություն, արդյունավետ պաշտպանության իրավունք և խտրականության արգելում։

«ՎԵԻԱ-ն մեկ տարի ակտիվորեն շփվում է քննչական մարմինների հետ՝ թե՛ Թբիլիսիի դատախազության, թե՛ գլխավոր դատախազության, թե՛ վերջապես՝ Հատուկ քննչական ծառայության հետ։ ՎԵԻԱ-ի ուղարկած 10 դիմումներին, բողոքներին պատասխանել են ընդամենը երկու անգամ, երկու անգամն էլ` միայն Թբիլիսիի դատախազությունից։

Ներկա իրավիճակում պարզ է դառնում, որ, չնայած կոնկրետ բռնություն գործադրող անձանց պատժելուն, քրեական վարույթն իրականացնող մարմինները ի զորու չեն պատժել բռնության կազմակերպիչներին»,- նշված է ՎԵԻԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՎԵԻԱ-ի տվյալներով, չնայած բռնության կազմակերպիչների նկատմամբ հետաքննություն է սկսվել, սակայն նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

ՎԵԻԱ-ն նաև համարում է, որ արհեստականորեն սահմանափակել են կազմակերպիչների կողմից քննությամբ ձեռք բերված նյութերի հասանելիությունը տուժողներին, նրանք նաև հնարավորություն չունեն արդյունավետ բողոքարկելու կազմակերպիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու փաստացի/իրավական մերժումը:

Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում  նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշը պատռելու դեպքեր:

Հուլիսի 5-ի դեպքերից մեկ տարի անց