Հուշագիր Վրաստանի ՊՆ-ի և Գերմանիայի ազգային կոդավորման բյուրոյի միջև

Վրաստանի պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոդավորման բյուրոյի տնօրեն, գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսը և բյուրոյի այլ ներկայացուցիչներ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

Ըստ հաղորդագրության՝ գերմանացի հյուրերին ողջունել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին և շնորհակալություն հայտնել այցի շրջանակներում ցուցաբերվող հետևողական, գործնական և ֆինանսական աջակցության, պաշտպանության ուժերի զարգացման և ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) իրականացման գործում ներդրած ավանդի համար։

Նշվում է, որ պաշտպանության ուժերի ներկայացուցիչները պատվիրակության անդամներին տեղեկացրել են Վրաստանի ՊՆ-ում ընթացող բարեփոխումների, վերափոխման շրջանակներում իրականացվող աշխատանքների և նախատեսվող կարևոր նորությունների մասին։ Այցի և զրույցի հիմնական թեման Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղելի ազգային կոդավորման բյուրոյի ստեղծման գործընթացին աջակցությունն ու հարակից գործողություններն էին։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարարության կոդավորման դեպարտամենտի ղեկավար, գնդապետ Դավիթ Մամուլաիշվիլին և գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսը. վերջինս միաժամանակ ՆԱՏՕ-ի կոդավորման կոմիտեի նախագահն է։

ՊՆ-ն նշել է, որ համագործակցության հուշագիրը Վրաստանի պաշտպանության ուժերը և նրա նյութատեխնիկական ապահովումն ավելի համատեղելի կդարձնի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։