Ի՞նչ է պետք իմանալ դեպի Վրաստան ու Վրաստանից ճանապարհորդելու դեպքում

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհուրդը հուլիսի 8-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել է միջազգային ճանապարհորդությունների հետ կապված կայացրած որոշումները:

Ալիք մեդիան ամբողջացրել է  արտասահմանյան այցելուների, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների` երկրից դուրս այցելություններ իրականացնելու մասին այս պահին հասանելի տեղեկությունը։

Այսպիսով, Վրաստանն առանց պայմանների սահմանը բացում է  միայն հինգ պետության համար, որոնք են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան։

Վերոնշյալ երկրների անձնագրեր ունեցող անձինք կկարողանան բոլոր տեսակի այցերի նպատակով ժամանել Վրաստան միայն օդային ճանապարհով:

Մինչև Վրաստանի սահմանը հատելը նրանք պետք է հատուկ մշակված էլեկտրոնային հարցաթերթիկ լրացնեն, որտեղ պետք է ներկայացնեն վերջին 14 օրվա ընթացքում ճանապարհորդության «պատմությունը», Վրաստանում բնակության վայրը, կոնտակտային տվյալներ և այլն:

Այն դեպքում, եթե անձի մոտ սահմանն անցնելիս թերմոսքրինինգ անցկացնելու արդյունքում 37 աստիճանից բարձր ջերմություն արձանագրվի, օդանավակայանում նա PCR թեստ կհանձնի:

Պարտադիր կարգով թեստավորում կամ կարանտին կանցնեն այն անձինք, որոնք վերջին 14 օրվա ընթացքում  ԵՄ-ի ոչ անդամ, բարձր ռիսկ ունեցող երկրներում ճանապարհորդության «պատմութուն» կունենան:

Վրաստան այցելած յուրաքանչյուր անձի հետ, երկրում գտնվելու ողջ ընթացքում, պրոակտիվ հաղորդակցության մեջ կլինի և նրանց մասին հոգ կտանի հատուկ ստեղծված զանգերի կենտրոնի աշխատակազմը:

Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք Վրաստանի համար բացել են սահմանը, սակայն 5-յակում չեն հայտնվել, Վրաստանի փոխվարչապետ Իրակլի Չիքովանին այսպես է բացատրել.

«Այն երկրների հետ, որոնք Վրաստանի համար բացել են սահմանները առանց պայմանների, շարունակում ենք աշխատանքը համապատասխան ընթացակարգերի հետ կապված: Այս փուլում Վրաստանի համար սահմանները չեն բացել հետևյալ երկրները՝ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Նորվեգիան, Մալթան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան: Հունգարիայի դեպքում, գիտեք՝ Վրաստանում էր երկրի արտգործնախարարը, որի հետ համաձայնության ենք եկել երկու երկրների ելումուտի վերականգնման վրա աշխատելու ուղղությամբ»,-նշել է Չիքովանին:

Իտալիան, Կիպրոսը, Իսլանդիան և Սլովենիան սահմանները Վրաստանի համար բացելու պատրաստակամություն են հայտնել՝ կոնկրետ սահմանափակումներ հաշվի առնելով: Այդ թվում՝ 14 օրյա պարտադիր կարանտին:

Գործնական այցերի, Վրաստանում տնտեսական գործունեություն ծավալելու դեպքում, Վրաստանի սահմանները բաց կլինեն բոլոր երկրների համար: Նախապես անհրաժեշտ կլինի լրացնել համապատասխան փաստաթղթեր, նախնական պայմանավովածություն ձեռք բերել համապատասխան ոլորտների գերատեսչությունների հետ: Աշխատանքային այցով Վրաստան այցելած հյուրերը պարտավորվելու են ամեն 72 ժամը մեկ անգամ սեփական ծախսերով PCR թեստ անցնել, կամ անցնել 14 օրյա պարտադիր կարանտին: Սա չի վերաբերում ԵՄ անդամ 5 երկրների քաղաքացիներին:

Համապատասխան էլեկտրոնային հարցաթերթիկները, որոնք պետք է լրացնեն ինչպես ԵՄ անդամ երկրների քաղաքացիները, այնպես էլ ցանկացած տեսակի գործնական այց իրականացնող այլ երկրների քաղաքացի անձինք, հասանելի կլինեն www.StopCoV.ge կայքում:

Ի՞նչ պետք է իմանան Վրաստանի քաղաքացիները երկրից դուրս ճանապահորդելիս

Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ ցանկացած տիպի այցելություն իրականացնելիս պարտադիր պետք է 14 օրյա կարանտին անցնեն:

Վրաստանի կառավարությունն այս պահի դրությամբ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ՝ վերոնշյալ 5 երկրներ կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով: lufthansa-ի հետ համաձայնություն արդեն կա, օգոստոսից սկսած շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կաշխատեն երկու ավիաընկերություն՝ Wizzair-ը և Mywayairlines-ը: Չվացուցակը հետևյալն է՝

Հուլիսի 13-ին կկայանա չվերթ դեպի Վարշավա, 15-ին՝ դեպի Բարսելոնա, հուլիսի 17-ին՝ դեպի Հռոմ, 22-ին՝ դեպի Փարիզ, 28-ին՝ դեպի Աթենք: Նշված ուղղություններից Թբիլիսի վերադառնալու տոմսերի արժեքը չի գերազանցի 200 եվրոն: Մոտ օրերի ընթացքում կիրականացվի նաև մեկանգամյա չվերթ Դոհայից Թբիլիսի, հայրենիք կվերադառնա 105 քաղաքացի:

Հիշեցնենք՝ Եվրամիությունն արդեն հուլիսի 1-ից բացել է սահմանները Վրաստանի համար. Երկիրը հայտնվել է 15 ամենաանվտանգ երկրների շարքում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն նվազագույն խոչընդոտներով մուտք գործել Շենգենյան գոտի:

Կորոնավիրուսի տարածման պատճառով ճամփորդական սահմանափակումները հաշվի առնելով՝ անձնագրերի «ուժի» գլոբալ ինդեքսը թարմացվել է: Նոր տվյալների համաձայն՝ վրացական անձնագիրը 15-րդ հորիզոնականն է զբաղեցրել: 2019 թվականին Վրաստանն այս ցուցակում 89-րդ հորիզոնականում էր: Տվյալները հրապարակված են Passportindex.org կայքում: