Ինչ տեսք կունենա Աբուլի պատմական հուշարձանը վերակառուցումից հետո

Վերջերս Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական ​​կենտրոնի աշխատակից Գոդերձի Նարիմանաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Աբուլի մեգալիթյան համալիրի վերակառուցման լուսանկարը:

Ներկայացնում ենք լուսանկարը Գոդերձի Նարիմանանիշվիլիի էջից:

Ավելացնենք, որ Ջավախքում Աբուլ մեգալիթյան ամրոցը առաջադրվել է ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակի: Զուգահեռաբար ընթանում են հնագիտական ​​աշխատանքներ:

Աբուլի ամրոցը, բրոնզի դարի մեգալիթյան կառույց է, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Բերդն ընդգրկված է Վրաստանի ազգային նշանակության մշակութային անշարժ հուշարձանների ցանկի մեջ:

Աբուլի բերդը կիկլոպյան ամրոց է՝ կառուցված այսպես կոչված «չոր շարվածքի» տեխնիկայով, այսինքն հսկայական քարերը պարզապես շարվել են իրար վրա, առանց որևէ կապող շինարարական շաղախի։ Այն գտնվում է Փոքր Աբուլ լեռնագագաթի հարավային լանջին՝ ծովի մակարդակից 2670 մ բարձրության վրա, Փարվանա լճից հարավ-արևելք:

Աբուլի բերդը ճարտարապետական նմանություն ունի Փարվանա լճից հյուսիս-արևմուտք գտնվող Շաորի բերդի հետ։ Այն հսկայական և բավականին բարդ կառույց է, կառուցված 3-5 մետրանոց հրաբխային բազալտից և որի կառուցման համար չի գործածվել շինարարական շաղախ կամ որևէ խյուս։ Բերդը կազմված է կենտրոնական ամրակայանի տարածքից, որի մեջ ընդգրկված է նաև միջնաբերդը։ Բերդի կենտրոնական տարածք հնարավոր է մտնել ամրոցի հարավային և արևելյան կողմերում գտնվող մուտքերից։ Միջնաբերդի արևելյան հատվածում գտնվում են բնակելի շինություններն ու տարբեր ձևի ու չափսերի թաքստոցները, որոնք հաճախ կառուցված են երկու կամ երեք մակարդակներով կամ հարկաբաժիններով:

Աբուլի բերդում, ինչպես նաև Շաորի բերդում երբեք հնագիտական պեղումներ չեն իրականացվել, ինչը դժվարեցնում է որոշել կառուցման կոնկրետ ժամանակաշրջանը և որևէ կոնկրետ մշակույթի այն վերագրելը: nor.ge