Ինձ համար արվեստն ամենուր է․ Լիանա Վարդումյանն իր ձեռագործ աշխատանքների մասին

Ձեռագործ իրեր պատրաստելիս լցվում եմ մեծ ոգևորությամբ և փորձում եմ հնարավորինս լավ կատարել իմ աշխատանքը, որ մարդիկ միշտ գոհ մնան, ասում է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղից 19-ամյա Լիանա Վարդումյանը։ Նրա ձեռագործ աշխատանքները վերջերս ներկայացվեցին «Մառնեուլոբա 2023» տոնի ժամանակ։

Լիանան անցյալ տարի ավարտել է Աղքյորփիի հանրային դպրոցը և 100 տոկոս դրամաշնորհով ընդունվել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Վրաց լեզվի նախապատրաստական կուրս («1+4» ծրագիր)։ Այժմ սովորում է բիզնեսի կառավարման ֆակուլտետի առաջին կուրսում։ Աղջիկը պատրաստում է ձեռագործ իրեր, հիմնականում՝ փափուկ խաղալիքներ, պայուսակներ, այն ամենը, ինչ հնարավոր է գործել թելերով։

«Շատ եմ կարևորում պատվիրատուի կարծիքը և փորձում եմ դիտողությունները հաշվի առնել։ Սիրում եմ պատրաստել յուրօրինակ և հետաքրքիր իրեր։

Դեռ մանկուց ունեցել եմ սեր արվեստի հանդեպ, գործել սովորել եմ մայրիկիցս, երբ դեռ փոքր էի, իսկ հետո, չգիտեմ ինչու, մոռացության էի մատնել։ Ընդունելության քննություններս հանձնելուց հետո փորձում էի ինչ-որ ելք գտնել այդ սպասողական վիճակից դուրս գալու համար և հիշեցի, որ կիսատ թողած հետաքրքրություններ ունեմ. սկսեցի գործել ու հասկացա,որ ինձ կարևոր եմ զգում այդ գործում։ Հետո, երբ առաջին անգամ ինձ առաջարկեցին պատվերով աշխատել, հասկացա, որ մարդկանց հետաքրքրում են իմ գործերը, և ինձ պարտավոր զգացի առավելագույնս սիրով ու լավ կատարել աշխատանքս», — պատմում է Լիանան «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։

Վերջերս Լիանան մասնակցել է «Մառնեուլոբա 2023»-ին, և սեղաններից մեկի վրա ներկայացված էին նրա պատրաստած ձեռագործ իրերը․

«Մառնեուլիի տոնի մասին ինձ տեղեկացրին գյուղի դպրոցից և առաջարկեցին մասնակցել. սկզբում մտածում էի, որ դեռ այդքան չեմ կատարելագործվել։ Հետո հասկացա, որ դա լինելու է իմ աշխատանքների ցուցադրման առաջին քայլը։ Կարծում եմ, այդ օրը միշտ կմնա իմ հիշողության մեջ որպես կարևոր քայլ իմ կյանքում և չի լինի վերջինը»։

Բացի ձեռագործ աշխատանքներից, Լիանան սիրում է նաև նկարել և զբաղվել հագուստի մոդելավորմամբ․

«Ինձ համար արվեստն ամենուր է, կարծում եմ` ծնվել եմ ստեղծագործելու համար։ Փորձում եմ բնության ու կյանքի մեջ նկատել գեղեցիկն ու ներդաշնակը և փոխանցել ինձ շրջապատող մարդկանց»։

Լիանա Վարդումյանը դժվարանում է ապագայի պլաններ գծել, ինչպես ինքն է ասում՝ քանի որ կյանքը մի քիչ անկանխատեսելի է․ «Ունեմ նպատակներ, որոնց իրագործման համար աշխատում եմ։ Կարծում եմ, այս աշխատանքս նույնպես կշարունակեմ ապագայում և կհասնեմ ավելիին»։