Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս տեղեկությունը տարածել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների մամուլի ծառայությունները։

Ըստ երկու երկրների կառավարությունների հաղորդագրությունների՝ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին:

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ խոսելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու անհրաժեշտության մասին՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը պատրաստակամ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ցանկացած կառուցողական գործընթացի։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ ևս: