Իշխող թիմը «Ապաօլիգարխացման մասին» օրենքի ընդունումը հետաձգում է

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, խորհրդարանում երկու ընթերցմամբ մեծամասնության աջակցությունը ստացած «Ապաօլիգարխացման մասին» օրինագիծը միչև դեկտեմբեր չի ընդունի: Այս մասին «Վրացական երազանք»-ի կուսակցական համաժողովից հետո հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նա նշել է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խնդրել է չընդունել ապաօլիգարխացման մասին օրենքը։

Ըստ Կոբախիձեի՝ «Վրացական երազանքին» հետաքրքրում է, արդյո՞ք Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականներից կհանվի ապաօլիգարխացման հարցը։

«Մենք ծրագրում էինք հաջորդ շաբաթ վերջնական, երրորդ լսումով ընդունել «Ապաօլիգարխացման մասին» օրենքը, թեև գիտեք, որ վարչապետն այցելել է Բրյուսել, եղել են ամենաբարձր մակարդակով հանդիպումներ, այդ թվում՝ Շառլ Միշելի և եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ: Նման խնդրանք է եղել, որ այս օրենքն այս փուլում չընդունվի երրորդ ընթերցմամբ»,- ասել է Կոբախիձեն։

Ի դեպ, «Ապաօլիգարխացման մասին» օրենքը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթություններից է, որը պետք է կատարի Վրաստանը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Նշենք, որ հունիսի 13-ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագծին, որին նախորդել էր օրինագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հստակ է. վերլուծաբանների տեսակետներ