Իշխանությունը ԵՄ-ի պայմանների կատարման պատրանք է ստեղծում

Վրաստանի նախկին վարչապետի, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցության անդամ Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած պայմանների կատարման պատրանք է ստեղծում։

Մեզվրիշվիլին նշել է, որ «Վրացական երազանքը» դեռ չի արտահայտել իր պատրաստակամությունը՝ աջակցելու այն առաջարկներին, որոնք «Վրաստանի համար» կուսակցության անդամները ներկայացրել են խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբերին։

Ըստ Մեզվրիշվիլիի, կառավարության ռազմավարությունն ուղղված է երկրորդական ընթացակարգային օրենսդրական փոփոխություններին և ուղղված չէ երկրում մեկ անձի ձեռքում ապօրինի կերպով համախմբված իշխանության «ապամոնտաժմանը»։

«Ավելին, միաժամանակ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղակիորեն հակասում են Վրաստանի եվրաինտեգրման նպատակներին՝ փոխում են ընտրությունների արդյունքները, պատրաստվում են հաջորդ ընտրությունները կեղծելուն, հարձակվում են Արևմուտքի վրա և այլն։

Չնայած վերը նշվածին, հաշվի առնելով ընտրողների հանդեպ մեր պատասխանատվությունը, 12 կետերը կատարելու և Վրաստանի եվրոպական ապագան փրկելու համար մենք շարունակում ենք մասնակցել աշխատանքային խմբերի աշխատանքներին և նախաձեռնություններ ներկայացնել։ Այս գործընթացում մենք ակտիվորեն տեղեկատվություն ենք տրամադրում ընտրողներին, միջազգային գործընկերներին և բոլոր շահագրգիռ կողմերին»,- ասել է Մեզվրիշվիլին։

Նշենք, որ իշխող «Վրացական երազանքը» խորհրդարանում աշխատանքային խմբեր է ստեղծել՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ 12 կետից բաղկացած պայմանների կատարման նպատակով։ Խորհրդարանական ընդդիմության մի մասը հրաժարվում է մասնակցել նշված խմբերին։ «Վրաստանի համար» կուսակցությունն այն քաղաքական ուժերից է, որն ընդգրկված է մեծամասնության ստեղծած աշխատանքային խմբերում: