Իշխող թիմի աջակիցները 6 քաղաքներում փորձել են խափանել «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման հանդիպումները

Վրաստանում եվրոպական ընտանիքին միանալու հարցով վերջին շրջանում բազմամարդ ակցիաներ կազմակերպող «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը պնդում է, որ այսօր՝ հունիսի 30-ին, պետական ​​պաշտոնյաներն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության համակիրները փորձել են խափանել իրենց հանդիպումները 6 քաղաքներում։

Շարժման և ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր շրջաններում ԵՄ-ի մասին տեղեկատվական հանդիպումներ են անցկացնում բնակչության հետհետ,  ըստ իրենց պնդումների` հանդիպում են ագրեսիվ մարդկանց և բռնության ենթարկվում:

«Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման տվյալներով՝ այսօր՝ հունիսի 30-ին, Թելավիում, Խոնիում, Զուգդիդիում, Քութայիսիում և Բաթումիում նախապես հայտարարված հանդիպումները չեղարկվել են, քանի որ փորձեր են արվել խափանել դրանք։

Նշենք, որ Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները ևս այսօր հարձակման են ենթարկվել տեղեկատվական բուկլետներ բաժանելիս։

Շարժման տվյալներով՝ ագրեսիվ մարդկանց թվում կան իշխող կուսակցության կողմնակիցներ և պետական ​​պաշտոնյաներ։

Շարժումը պնդում է, որ այդ գործողությունները հանցագործության նշաններ են պարունակում։

«Մասնավորապես, տեղի է ունենում Քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածով նախատեսված հավաքների իրավունքի խախտում։ Կոչ ենք անում իշխող կուսակցությանը դադարեցնել իրենց համար հակաարդյունավետ սադրանքները, որոնք չափազանց կվնասեն երկրի վարկանիշին։ «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը հստակ նշում է, որ հավատարիմ է միայն հավաքների խաղաղ ձևերին և կոչ է անում իրավապահներին ապահովել խաղաղ հավաքների ազատությունը և կանխել սադրանքները տեղում», — հայտարարել է շարժումը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքել է այդ մեղադրանքները։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքին» աջակցում են միլիոնավոր մարդիկ, իսկ «տեղական միջադեպերի» համար իշխող կուսակցությանը մեղադրելը հերյուրանք է։

Կարդացեք նաև՝

ԹՊՀ-ում բռնության են ենթարկվել «Տուն՝ դեպի Եվրոպա» ակցիայի մասնակիցները