Իվանիշվիլիի միջոցների յուրացման գործով մեղադրվող Բաչիաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել

Վրաստանի «Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիին, որին դատախազությունը մեղադրում է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի միջոցները յուրացնելու մեջ, որպես խափանման միջոց է կիրառվել 2,5 մլն լարի գրավը։

Բացի այդ, նրան արգելել են լքել երկիրը՝ առանց մեղադրող կողմին տեղյակ պահելու։ Նշված որոշումը հուլիսի 6-ին հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մճեդլիշվիլին։

Դատախազությունը Բաչիաշվիլիի համար որպես խափանման միջոց պահանջել էր 3 մլն լարի գրավ։

Ի դեպ, դատախազությունը Բաչիաշվիլիին մեղադրում է խոշոր չափի, այն է՝ 8253,13 բիթքոյնների ապօրինի յուրացման և անօրինական եկամուտների օրինականացման մեջ։ Ըստ դատախազության՝ նշված բիթքոյնի արժեքը յուրացման պահին կազմել է 39 մլն 215 հազար 820 դոլար։ Այս հայտարարությունը երեկ տարածել է դատախազությունը։

Դատախազության տվյալներով, իրենց իսկ հետաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի ամռանը Բաչիաշվիլին իր սեփական միջոցներով և ներդրողի տրամադրած միջոցներով 6 մլն 305 հազար դոլար է ներդրել կրիպտոարժույթի բիթքոյն մայնինգում։ Դրանցից ներդրողի գումարը կազմել է 5 մլն դոլար, իսկ Բաչիաշվիլիինը՝ 1 մլն 305 հազար դոլար։

Նրա փաստաբանի պարզաբանմամբ՝ դատախազությունը պնդում է, որ Բաչիաշվիլին գործընկեր չի ունեցել, և 5 միլիոն դոլարը, որը վերջինս ներդրել է կրիպտոարժույթների մայնինգում, վարկ է, ոչ թե ներդրում։ Վարկի դիմաց Բաչիաշվիլին հետագայում վերադարձրել է 5 մլն դոլար և հավելյալ տոկոսներ։

Մեղադրական դատավճռի ներկայացման ժամանակ դատավորը տեղեկացրել է, որ Բաչիաշվիլիի բիզնեսում ներդրողներից մեկը «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է։