Իվանիշվիլին Գախարիային մեղադրում է պետական դավաճանության մեջ. ներքաղաքական զարգացումներ Վրաստանում

Այսօր, հունիսի 7-ին Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն տարածեց, որով անդրադարձավ երկրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիային: Չնայած այն բանին, որ ամիսներ առաջ Իվանիշվիլին հայտարարել էր, որ ընդհանրապես հեռանում է քաղաքականությունից և այլևս չի խառնվելու որևէ որոշման մեջ, այսօր կրկին քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ:

Բիձինա Իվանիշվիլին իր նամակում անդրադարձել է խոսակցություններին, ըստ որոնց` Գախարիան հանդիսանում է իր քաղաքական նախագիծը: «Վրացական երազանքի» հիմնադիրը վստահեցնում է, որ 2011 թվականին քաղաքականության մեջ մտնելուց մինչև այսօր երբեք չի մտածել կեղծ կուսակցություններ ստեղծելու մասին: Իվանիշվիլին նշում է, որ իր համար այս տարվա փետրվարից հետո Գիորգի Գախարիայի հետ համագործակցելը անընդունելի է, քանի որ Գախարիայի հրաժարականը ապշեցրել է իրեն:

Իշխող կուսակցության առաջնորդներից մեկը և ամենահզոր պետական ​​պաշտոնյան լիովին անհասկանալի ժամանակ, լիովին անհասկանալի պատճառով հրաժարական տվեց: Նա հրաժարական տվեց, քանի որ չէր ցանկանում պաշտպանել օրենքի գերակայությունն ու օրենքի կատարումը, ինչը նրան կոչ էր անում ամբողջ քաղաքական թիմը,- ասվում է հայտարարությունում:

Իվանիշվիլին Գիորգի Գախարիայի փետրվարյան գործողությունը համարում է դավաճանություն սեփական թիմի և պետության նկատմամբ:

Օրենքի գերակայությունը ցանկացած պետության հիմնաքարն է: Առաջին հերթին հենց օրենքի գերակայության նկատմամբ վերաբերմունքն է, որ պետք է գնահատի և չափի ցանկացած քաղաքական գործչի և պետական ​​պաշտոնյայի գործունեությունը: Երբ բարձրաստիճան պաշտոնյան դեմ է օրենքի գերակայությանը և հեռանում է պաշտոնից այս պատրվակով, դժվար է պատկերացնել ավելի մեծ քաղաքական հանցագործություն, քան սա է: Ցավով կցանկանայի նշել, որ այս ամենը լուրջ հիասթափություն է առաջացրել ինձ մոտ — ասվում է հայտարարությունում:

Իվանիշվիլին նաև անդրադառնում է Գիորգի Գախարիայի կողմից քաղաքական կուսակցության ստեղծմանը, նշելով, որ նրա կուսակցությունը չունի գաղափարական կամ հայեցակարգային հիմք և դրա միակ նպատակը իշխող կուսակցությունից փոքր թվով ընտրական ձայներ խլելն է:

Նրա խոսքով` Գախարիայի հրաժարականից հետո, սպասվում էր, որ երկրում կստեղծվի քաղաքական ծանր ճգնաժամ: Սակայն, ըստ նրա իշխող կուսակցությունը կարողացավ հեշտությամբ հաղթահարել դժվարությունները և ուժեղացնել պետական ​​ինստիտուտները:

Չնայած քաղաքականությունից հեռանալուց հետո փոխվել են երկու առաջատար պետական ​​պաշտոնյաներ, պետությունը շարունակում է կայուն գործել: Վերջում «Վրացական երազանքի» հիմնադիրը խոսում է անհատականության պաշտամունքի ավանդույթի մասին, որը ըստ նրա վերացել է իր շնորհիվ, երբ ինքն ընդունել է քաղաքականությունից հեռանալու որոշում:

Հայտարարություննից կարճ ժամանակ անց իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց նաև Գիորգի Գախարիան: Նախկին վարչապետի հայտարարության համաձայն` իրադարձություններն ավելի հետաքրքիր ու արագ են զարգանում, քան սպասվում էր:

Ճշմարտությանը ոչ ոք և ոչինչ չի կանգնեցի: Ի վերջո բոլորը կհասկանան այս ամենը … կրկին՝ առանց բամբասանքի, միավորվում ենք Վրաստանի համար, ոչ մեկի դեմ,- գրել է  «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան:

Ծանոթացե՛ք նաև՝

Գախարիան նոր թիմով վերադառնում է քաղաքականություն. ի՞նչ է պետք իմանալ

ՏԻՄ ընտրությունները, որպես հանրաքվե. ի՞նչ է սպասվում աշնանը Վրաստանում

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։