Իվանիշվիլին պետք է ձերբակալվի, սակայն ո՞վ կհամարձակվի. գործարար

Գործարար Զազա Օքուաշվիլին պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, «ովքեր զբաղված են բիզնեսի ռեկետով»: «Օմեգա գրուփ»-ի հիմնադիրն ասում է, որ առաջին հերթին դա պետք է լինի «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

«Անպայման պետք է պատասխան տան բոլոր այն ֆեոդալները, ովքեր մասնակցում են այս դրամաշորթությանը: Առաջին հերթին հարկավոր է ձերբակալել Բիձինա Իվանիշվիլիին: Սակայն ո՞վ պետք է ձերբակալի, Գախարիա՞ն (ներքին գործերի նախարար,- խմբ.): Բոլորը պետք է պատասխան տան»,- հայտարարել է Օքուաշվիլին:

Նշենք, որ «Ռուսթավի 2»-ի եթերում Օքուաշվիլին հայտարարել է, որ իրեն ստիպել են «Իմեդի» հեռուստաընկերության եթերով կեղծ հարցազրույց տալ ու ասել, թե Բիձինա Իվանիշվիլիի դեմ կոմպրոմատներն իրեն ստիպել են հրապարակել «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան և Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ըստ Օքուաշվիլիի, երբ նա հրաժարվել է, ինչպես ինքն է ասում՝ կեղծ հարցազրույց տալ, «Օմեգա գրուփ»-ի պարտքը հրաժարվել են վերակազմավորել: