Թբիլիսիում տոնածառը հնարավոր է այլ վայրում կանգնեցվի

Թբիլիսիի քաղաքապետարանը հնարավոր է տոնածառի վայրը փոխի: Interpressnews լրատվականի տեղեկատվությամբ՝ Նոր տարվա տոնածառը խորհրդարանի շենքի հարակից տարածքի փոխարեն հնարավոր է Եվրոպայի կամ Հանրապետության հրապարակում տեղադրվի:

Թբիլիսիի քաղաքապետարանից չեն հերքում, թե տոնածառը հնարավոր է այլ վայրում կանգնեցվի, սակայն նշում են, որ վերջնական որոշում չեն կայացրել:

«Հարցի վերաբերյալ քննարկումներն ու վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի սկզբին»,- տեղեկացրել են քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը երկու շաբաթ առաջ պահանջել էր, որ խորհրդարանի հարակից տարածքում ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող որդեկորույս հայրերը՝ Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին լքեն այդ տարածքը։ Սակայն պահանջին հաջորդեց հասարակության բողոքը: Համացանցում հայտնվեց ստորագրահավաք՝ «Հրաժարվում են տոնածառից, ընտրում եմ մարդուն» վերտառությամբ: