«Ես հրաժարվում եմ տոնածառից․ ընտրում եմ մարդուն». խնդրագիրն արդեն 8 500 բաժանորդ ունի

«Ես հրաժարվում եմ տոնածառից․ ընտրում եմ մարդուն» համացանցում բացված խնդրագրի բաժանորդների թիվն այս պահին հասնում է 8 հազար 500-ի:

Քաղաքացիներն այս ձևով իրենց համերաշխությունն են հայտնում Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի բողոքի ակցիաներին՝ ընդգծելով, որ արդարությունն ու կյանքի իրավունքը գերադասում են Ամանորի տոնածառից:

Խնդրագիրը ստեղծվել է այն ժամանակ, երբ Թբիլիսիի քաղաքապետարանն ակցիայի կազմակերպիչներին նամակով տեղեկացրել էր, որ խորհրդարանի շենքի դիմաց գտնվելու և ակցիա անցկացնելու իրավունք ունեն մինչև դեկտեմբերի 7-ը:

Քաղաքապետարանի պարզաբանմամբ, դեկտեմբերի 7-ից սկսվում են Ամանորի նախապատրաստական աշխատանքները, պետք է տեղադրվի տոնածառ, ինչին ակցիան խանգարում է: Փոխանցում է Rustavi 2-ը: