Մենք չենք համագործակցի ոչ «Վրացական երազանքի», ոչ էլ ՄԱՇ-ի հետ. Խազարաձե

Մենք չենք համագործակցելու ոչ «Վրացական երազանքի», ոչ էլ «Միասնական ազգային շարժման» հետ, — այս մասին «Պալիտրիուսի» եթերում հայտարարել է Մամուկա Խազարաձեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համագործակցելու է, կոալիցիա կազմելու «Վրացական երազանքի» հետ, եթե մտնի խորհրդարան:

Ըստ Խազարաձեի, եթե ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով, ապա նա վստահ է, որ շատ կուսակցություններ կհայտնվեն, շատ հետաքրքիր մարդիկ կմտնեն խորհրդարան:

«Ես «Ազգային շարժման» հետ չեմ պատկերացնում համագործակցություն, մանավանդ, որ նրա առաջնորդի հետ կապված ոչ մի լավ հիշողություն ինձ չի կապում: Եթե ​​Խորհրդարանն ընդունի համամասնական համակարգը, վստահ եմ, որ շատ կուսակցություններ առաջ կգան, վստահ եմ, որ այդ դեպքում շատ հետաքրքիր մարդիկ կհայտնվեն խորհրդարանում: Մենք պետք է վերջ տանք այս երկբևեռությանը», — հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

Հիշեցնենք՝ «TBC» բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեն սեպտեմբերի 12-ին ներկայացրեց իր հիմնած քաղաքացիական շարժման շնորհանդեսը, որի անվանումը «Լելո» է լինելու: Ըստ Խազարաձեի կուսակցությունը կհիմնադրվի հոկտեմբերին, կպատրաստվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: