Կառավարության դիմաց ավարտվել է «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման հանրահավաքը

Վրաստանի կառավարության շենքի դիմաց «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքն ավարտվել է:

Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրենց հավաքի նպատակն էր կառավարության նիստում ժողովրդի ձայնը լսելի դարձնել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

«Սիրցխվիլիա» քաղաքական շարժման ակտիվիստներից Գիգա Մաքարաշվիլին ասել է, որ հանրահավաքի կազմակերպիչները կհանդիպեն և կքննարկեն, թե հետագայում ինչպես շարունակեն բողոքի ակցիան:

«Այսքան ոստիկան բերեցին, չգիտեմ, եթե այս մարդկանց հնարավորություն տրվեր աշխատել այնպես, ինչպես այսօր, մեր երկրում հանցագործություն չէր լինի, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ «Վրացական երազանքը» կախված է միայն ուժայիններից, նրանց այլ ռեսուրս չի մնացել»,- ասել է Մաքարաշվիլին:

Նշենք, որ հանրահավաքը սկսվել է հուլիսի 3-ին՝ ժամը 20:00-ին, խորհրդարանի դիմաց, այնուհետև ցուցարարների մի մասը շարժվել է դեպի իշխող «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակ։ Ավելի ուշ նրանք վերադարձել են խորհրդարան։ Հանրահավաքի կազմակերպիչների կոչից հետո բողոքի ակցիան տեղափոխվել է կառավարության շենքի մոտ։

«Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման պահանջներն են՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:

Հանրահավաքի կազմակերպիչների կարծիքով՝ «բողոքի ակցիան կդառնա ավելի ինտենսիվ, բայց կմնա խաղաղ ու ոչ բռնի»։

Առկա տեղեկությունների համաձայն՝ այսօր այլ հանրահավաք նախատեսված չէ։