Կարևոր չէ՝ 10, թե 10.000 դոլար, կարևորն՝ ունենաս «ՆերՈւԺ». ծրագիրը մեկնարկեց

Ծրագրի գաղափարախոսությունը՝ հետայսու՝ ոչ միայն ակնկալել աջակցություն սփյուռքից, այլև աջակցել սփյուռքին:Հայաստանի հանրապետության սփյուռքի նախարարության  «ՆերՈւԺ»  ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է: Նախաձեռնողները վստահ են, որ այն առանցքային նշանակություն է ունենալու՝ Հայաստան-սփյուռք գործակցության համատեքստում: ՀՀ-ի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշում է, որ մինչ հեղափոխությունը սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը Հայաստանակենտրոն էր, մոտեցումը՝ միակողմանի: Ընդանրական ասած՝ եթե դու սփյուռքահայ էիր, գումար ունեիր և պատրաստ էիր այն ծախսել Հայաստանում, ուրեմն դու կարևոր էիր: «ՆերՈւԺ»-ը ստեղծվել է՝ կոտրելու միակողմանիության այս սկզբունքը:

Այժմ և, ի դեպ, առաջին անգամ, Հայաստանն է առաջարկում ֆինանսական և լայն գործընկերային ցանց ստեղծելու հնարավորություններ ու դրսևորվելու միջավայր ստեղծում սփյուռքի համար: Այժմ բոլորն են կարևոր՝ անկախ նրանից, թե Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարելիս որքան գումար ունի սփյուռքից ժամանող հայը: Այժմ սփյուռքից ժամանելու են ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլ բիզնես զարգացնելու նպատակով:

«Հայաստանի հանրապետության սփյուռքի կառավարության և իր փայլուն գործընկերների միջոցով մենք ստեղծում ենք հնարավորություն, ովքեր իսկապես ունեն փայլուն, ստեղծարար, նորարար միտք, սակայն չունեն հնարավորություն՝ այն իրականացնելու, իմպլեմենտացնելու  Հայաստանի հանրապետությունում, ստեղծում ենք տարածք, հարթակ, որի շնորհիվ մեր սփյուռքահայ երիտասարդները կարող են մշտական բնակություն հաստատել Հայաստանում ու կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները»,- ծրագրի պաշտոնական մեկնարկի ընթացքում իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարությունն ու ծրագրի ֆինանսական գործընկերներն օգնելու են հաջողել սփյուռքահայերի բիզնես ծրագրերը:

«ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Ծրագրի առաջնային նպատակներն են.

  • հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հարթակներ և հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար.
  • օժանդակել էկոհամակարգին և կառուցել ամուր ու առողջ սթարթափային էկոհամակարգ.
  • ապահովել կիրառական ուղղություն՝ ինչպես կառուցել արժեք գեներացնող, առևտրապես կենսունակ և ճկուն սթարթափային բիզնես.
  • կառուցել և օգտագործել առանցքային սթարթափային բիզնեսի զարգացման հմտություններ.
  • հնարավորություններ ստեղծել համագործակցության և ֆինանսավորման համար:

Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և նորարար տեխնոլոգիաները։

Ինչպես ծրագրի գաղափարի հղանալու պահին, այնպես էլ հիմա՝ նախարարությունն  ասում է՝ բաց ենք համագործակցության համար:

Ծրագրով հետաքրքրված 70 սթարթափերներից 50-ը սփյուռքից է: Այն կանցկացվի  դեկտեմբերի 17-ից 21-ը, Հայաստանի UWC Դիլիջան քոլեջում: