Կարտոֆիլի գնի ռեկորդային աճ. Ջավախքի ֆերմերները տարակուսում են

Վրաստանում գրանցվել է կարտոֆիլի ռեկորդային գնաճ, վկայում է EastFruit միջազգային տեղեկատվական-վերլուծական ընկերության վերջերս արված մոնիտորինգը։ 2022 թվականի չորրորդ շաբաթվա դրությամբ Վրաստանի մեծածախ շուկաներում 1 կգ կարտոֆիլի միջին գինը կազմել է 1․15 լարի (0,39 դոլար), ինչը 0,11 դոլարով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված գնից։

EastFruit-ի փոխանցմամբ Վրաստանի ֆերմերներն այժմ մտահոգված են՝ արտահանումը կրկին խնդրահարույց է դարձել։ Ընկերությունը նշում է՝ պատճառն այն է, որ վրացական շուկայում գները գերազանցել են Ռուսաստանում կարտոֆիլի շուկայական գնի մակարդակը։ Ըստ մոնիտորինգի տվյալների՝ փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում կարտոֆիլը վաճառվում էր 1 կգ միջինում 1.10 լարիով (0,38 դոլար), իսկ Վրաստանում միջին գինն այժմ կազմում է 1․20 լարի (0,40 դոլար)։

Ընկերությունը նաև նշում է, որ Վրաստանի շատ ֆերմերներ ձեռնպահ են մնում տեղական շուկայում մեծ քանակությամբ կարտոֆիլ վաճառելուց: Նրանք ակնկալում են, որ կարտոֆիլի գներն ավելի կբարձրանան։

«Այնուամենայնիվ, վրացի ֆերմերները կարող են թերագնահատել ներմուծման ազդեցությունը: Եթե ​​վրացական շուկայում գները զգալիորեն աճեն այլ երկրների համեմատ, ներմուծումն արագ կավելանա և գները կիջեցնեն նախկին մակարդակին։ 2020-2021 թվականների դեֆիցիտի ժամանակ Վրաստան բավականին մեծ քանակությամբ կարտոֆիլ է ներկրվել։ Այս կարտոֆիլը սովորաբար գալիս էր հարևան երկրներից» — նշված է ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ։

Կարտոֆիլի գինն ու իրացումը վերջին ժամանակներում խնդրահարույց և ռիսկային է դարձել նաև Սամցխե-Ջավախեթիի ֆերմերների համար։

«Եթե հաշվի առնենք, թե որքան գումար ու ռեսուրս ենք ներդնում կարտոֆիլն աճեցնելու, բերքը հավաքելու և պահեստներ հասցնելու վրա, նաև մյուս ապրանքների գնաճը, ապա կարող ենք ասել, որ կարտոֆիլի շուկայական գինն ամենևին էլ չի բարձրացել։ Ես կարտոֆիլն աճեցրել եմ 8 հեկտար ցանքատարածության վրա, ոռոգել եմ, 70-100 լարի վճարել օրական դաշտում աշխատողին, անցյալ տարիներին դա 30-35 լարի էր կազմում, վճարել նաև վառելանյութի համար, որի գինը ևս կտրուկ թանկացել է, իսկ եթե գնորդ չկա տեղում, պիտի տանես այլ վայր, ապա եկամուտը շատ քիչ է» — «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշում է Օրջա գյուղի բնակիչներից մեկը։

Վերջինս նաև հավելում է, որ սովորաբար գյուղացին ավելի էժան գնով է վաճառում իր բերքը շրջանի գյուղերում, նման գին՝ 1կգ կարտոֆիլի համար 1.20 լարի կամ մի փոքր ավել, հազվադեպ է պատահում։

Ֆերմերի խոսքով, գյուղերից կարտոֆիլն իրացվում է ֆիզիկական անձանց միջոցով, ովքեր գալիս են տեղում գնում՝ երկրի ներսում կամ երկրից դուրս ավելի բարձր գնով վաճառելու համար։ Պետրե Շեկղիլաձեն, որ հաճախ է կարտոֆիլ գնում Ջավախեթիի տնտեսվարողներից, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ գինը բարձ է, սակայն կարտոֆիլը դժվարությամբ է վաճառվում.

«Արդեն մի քանի տարի է ինչ կարտոֆիլ եմ գնում Սամցխե-Ջավախեթիից, հիմնականում Ախալքալաքից, այն վաճառում եմ Թբիլիսիի շուկայում կամ խանութներին եմ հանձնում։ Դա կապված է նրա հետ, որ տեղում կայուն շուկա չկա, իսկ հեռավոր շրջաններից Թբիլիսի բերելն ու վաճառելը մեծ ծախսերի հետ է կապված։ Դժվարությունը վառելանյութի թանկ գներն են, նաև ժողովուրդը չի կողմնորոշվում հիմա վաճառել, թե՝ վաղը կամ մյուս օրը․ հնարավոր է վաղը գան ու ավելի թանկ գնով տանեն կարտոֆիլը»։