ԵՄ հանձնարարականները կկատարվեն մինչև սեպտեմբերի վերջ․ վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք է հայտնել, որ Եվրամիության (ԵՄ) թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար նախատեսված բոլոր կետերը կկատարվեն մինչև ամսվա վերջ։ Նա այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կառավարության նիստից առաջ ասել է, որ «մենք ոչ մեկին չենք աղաչում, այլ մեզ արժանի կարգավիճակ ենք պահանջում»։

«Մենք պայմանավորվել ենք իշխող կուսակցության և խորհրդարանի հետ, որ հաջորդ շաբաթ մեր թիմը՝ իշխող կուսակցությունը, հասնի բոլոր կետերի կատարմանը, որոնք քննարկել ենք պարոն Բորելի և նրա թիմի՝ Եվրահանձնաժողովի հետ։ Կարծում եմ՝ առավելագույնը մինչև ամսվա վերջ բոլոր հանձնարարականները կկատարվեն։ Ուստի, չի լինի խոչընդոտ, որի պատճառով երկիրը կարգավիճակ չստանա»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, առաջադրեց նաև 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

2023 թվականի հոկտեմբերին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո, մինչև 2023 թվականի վերջ, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։