Կատարյալ անհեթեթություն են որակում Ղրիմի կամրջի վրայի պայթյունին Վրաստանի մասնակցությունը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմի հնչեցրած մեղադրանքներին և դրանք անվանել «կատարյալ անհեթեթություն»:

«Սա կատարյալ անհեթեթություն է և Վրաստանի հետ կապ չունի։ Չգիտեմ ինչի համար է դա պետք, երևի ներքին PR սպառման համարի»,- ասել է Կալաձեն։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, շատ շահարկումներ կան, բայց ոչ ոք ստույգ տեղեկություն չունի։

«Մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք վրացական մաքսային, սահմանապահ ոստիկանության և առափնյա պահպանության հետ՝ տրամադրելով նրանց բոլոր միջոցները, սարքավորումները և ուսուցումը՝ պաշտպանելու իրենց սահմանները, կասեցնելու ագրեսիան, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Հարկ է նշել, որ Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեի խոսքով, պայթուցիկով բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը, և այդ ամենը ենթադրություն է: Կակաուրիձեն նշել է, որ մեղադրանքների հիմքում որևէ փաստ չկա։

Ի դեպ, ռուսական կողմը պնդում է, որ 22 տոննա պայթուցիկով բեռնատարը մի քանի անգամ հատել է Վրաստանի սահմանը` մինչ հայտնվելը Ղրիմի կամրջի վրա։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչներն ու Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրայի ահաբեկչության կասկածյալներին: Ըստ նրա, ԱԴԾ-ն հայտնել է նաև, որ պարզվել է բեռնատարի երթուղին մինչև պայթյունը. դրանք են` Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարի երկրամասը և Բուլղարիան: