Կազբեգի անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ Կազբեգի վրաց-ռուսական մաքսակետը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով։

«Դարիալի կիրճում ստեղծված բարդ օդերևութաբանական իրավիճակի պատճառով Կազբեգի մաքսակետում կասեցվել էին մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը։ Հորդառատ անձրևների հետևանքով վարարած գետերը նախ վնասել են ՌԴ-ի հետ սահմանամերձ հատվածը (Դարիալի-Լարսի 165-րդ կիլոմետրը, որը վերականգնվել է հունիսի 28-ին), այնուհետև՝ Ռուսաստանի տարածքում՝ Վլադիկավկազի ուղղությամբ Վրաստանը Ռուսաստանին կապող միջազգային նշանակության ճանապարհը»,- նշել են եկամուտների ծառայությունում։

Տեղեկության համաձայն՝ եկամուտների ծառայության մաքսային վարչությունը Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության, ցամաքային տրանսպորտի գործակալության և պետական ​​այլ գերատեսչությունների հետ միասին ակտիվորեն աշխատում է միջազգային բեռնատար մեքենաների տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։

Միաժամանակ, նշված մաքսակետում մոբիլիզացված են ինչպես մաքսային ծառայողները, այնպես էլ հսկողության ընթացակարգերի համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական սարքավորումները։

Ըստ տեղեկության՝ Կազբեգիի մաքսակետով օրական ավելի քան 1000 բեռնատար է անցում:

Կարդացեք նաև՝

Վրաստանը, Հայաստանը Ռուսաստանին կապող Կազբեգի մաքսակետն անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը փակ է