ԿԸՀ-ի նախագահն ընտրությունների ընթացքը դրական է գնահատում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան Մթածմինդայում կայացած միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլում ցուցաբերած ակտիվության համար շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին։

Ընտրատարածքում ակտիվությունը կազմել է 41.23% (18 105 ընտրող): Ընտրությունների առաջին փուլում ակտիվությունը կազմել էր 34.27%:

«Ընտրությունների ընթացքը, քվեարկությունը, ինչպես նաև ձայների հաշվարկը իրականացվել է օրենսդրության համաձայն, քաղաքացիների համար բարենպաստ միջավայրում: Դիտորդների և ընտրական սուբյեկտների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել քվեարկության գործընթացին ազատ հետևել»,-ասել է Ժվանիան՝ դրական գնահատելով ընթացքը։

Հիշեցնենք՝ Մթածմինդայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալների համաձայն, ձայների մեծամասնությունով առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Լադո Կախաձեն: