Կենսաթոշակային բարեփոխումները Վրաստանում. Միլիոնից ավելի քաղաքացի մասնակցում է կուտակային համակարգին

Վրաստանում կենսաթոշակային նոր համակարգում ներառված քաղաքացիների թիվը հասել է 1 042 084-ի։

Այս մասին ասված է Կենսաթոշակային գործակալության էջում։  Կուտակային համակարգի մասնակից է 448 601 կին, 260 298-ի տարիքը մինչև 40 տարեկան է։ Մինչև 40 տարեկան տղամարդկանց թիվը  337 705 է։

Հիշեցնենք` Վրաստանում թոշակային կուտակային համակարգը գործարկվեց 2019-ի հունվարին, համակարգի մի մասը պարտադիր է (մինչև 40 տարեկանների համար)։ 40-ից հետո քաղաքացիներն ընտրության հնարավորություն ունեն։ Թոշակային համակարգը  լքել է մասնակիցների  ընդհանուր թվի 10%-ը։  Համակարգը ենթադրում է, որ տարեկան 24 հազար լարիից (8  հազար դոլար) քիչ եկամուտ ունենալու դեպքում քաղաքացու թոշակային հաշվին փոխանցվում է աշխատավարձի 6%-ը։ 2%-ը վճարում է քաղաքացին, 2%-ը գործատուն, 2%-ը` պետությունը։  Տարեկան 24 հազար լարիից ավել եկամուտի դեպքում պետությունը վճարում է 1%։ Կուտակված գումարը թոշակառուին վերադարձվելու է տոկոսներով` տարեկան միջինը 7%։ Մինչ վերադարձնելը պետությունն այդ գումարները ներդնելու է տարբեր նախագծերում` ազգային բանկի վերահսկողության տակ։