Քամին վնասել է Թբիլիսիի արդարադատության տան տանիքը

Լուսանկարը՝ netgazeti.ge-ի

Ուժեղ քամին վնասել է Թբիլիսիի արդարադատության տան տանիքի մի մասը, գրել է netgazeti.ge լրատվականը:

Դեկտեմբերի 28-ի առավոտից Թբիլիսիում ուժգին քամի է, որը մի շարք խնդիրներ է հարուցել. ծառեր են տապալվել, ցուցանակներ են ընկել, ծառերի ճյուղեր են կոտրվել, վնասվել են ենթակառուցվածքները, ամանորյա լույսերը, մի քանի առանձնատներ։ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով, մի քանի ծառեր ընկել են մեքենայի վրա ու վնասել։

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչների հետ առավոտից մոբիլիզացված և տեղում են Թբիլիսիի քաղաքապետարանի բոլոր համապատասխան ծառայությունները և շրջանների վարչակազմերի աշխատակիցները։ Վնասը վերացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով աշխատում են արտակարգ ռեժիմով»,- հայտնել են քաղաքապետարանից։

Վրաստանի Կախեթիի մարզի Ախմետայի մունիցիպալիտետի Քիստաուրի գյուղում քամու հետևանքով մոտ 80 տարեկան տղամարդ է մահացել։ Տեղացիները radiotavisupleba.ge լրատվականին պատմել են, որ ուժեղ քամին փողոցում երկաթե կառույց է քանդել, որն ընկել է տղամարդու վրա։

Դեպքի վայր են ժամանել շտապ բուժօգնության աշխատակիցները, սակայն տղամարդուն մահացած են հայտնաբերել։ Այս պահին դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը։

Կախեթիում առավոտից ուժեղ քամի է։ Ըստ տեղեկության՝ տարերային աղետը խնդիրներ է ստեղծել մարզի բոլոր ութ համայնքներում։ Տասնյակ բնակելի տների տանիքներ են պոկվել, ծառեր են արմատախիլ եղել, հոսանքի սյուներ են վնասվել։