Քննարկվել են առևտրի ազատականացման և արտահանման շուկաների խնդիրները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական պալատի և Չեխիայի առևտրի պալատի նախագահ Վլադիմիր Դլոուհի հետ, տեղեկացնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Դլոուհին Եվրոպական պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

«Հանդիպմանը քննարկվել են առևտրային հարաբերությունների ընդլայնման, առևտրի ազատականացման և արտահանման շուկաների խնդիրները։ Քննարկվել են Վրաստանի ներդրումային ներուժը և օտարերկրյա ներդրողների համար երկրում բարենպաստ բիզնես միջավայրը։

Ընդգծվել է Վրաստանի եզակի դիրքի կարևորությունը և նշվել, որ ամրապնդվում է Վրաստանի դերը՝ որպես տարածաշրջանային առևտրային, թվային, տրանսպորտային և լոգիստիկ հանգույց»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Եվրոպական պալատի փոխնախագահ, Թուրքիայի պալատների և բորսաների ասոցիացիայի նախագահ Ռիփաթ Հիսարչիքլիօղլուն, Եվրոպական պալատի գործադիր տնօրեն Բեն Բաթերսը։ Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Վրաստանի արդյունաբերական ու առևտրային պալատի նախագահ Գիորգի Պերտաիան։