Քոբուլեթիի շուրջ 15 գյուղում սողանքներ են գրանցվել

Քոբուլեթիի շուրջ 15 գյուղում սողանք է տեղի ունեցել։ Այս տեղեկությունը տարածել է տեղական «Աջարա Թայմս» լրատվամիջոցը՝ գրելով, որ տարբեր ուղղություններով թափված հողազանգվածը վնասել է ներգյուղական ճանապարհներն ու էլեկտրահաղորդման գծերը։ Սողանքներ են արձանագրվել Քոբուլեթի, Լեղվա, Դագվա, Կոնդիդի, Ջիխանջուրի, Ցեխլաուրի գյուղերում, նաև Չաքվիի վարչական միավորի մեջ մտնող մի քանի գյուղերում։ Սա այն բնակավայրերի ոչ ամբողջական ցանկն է, որտեղ տարերքի հետևանքով խնդիրներ են առաջացել։

«Քաղաքապետարանում քաղաքացիներից դիմումներ են ստացվել, որոնք հիմնականում վերաբերում են բնակելի տների հարակից տարածքներում և ավտոճանապարհներին հողազանգվածի փլուզմանը։ Քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն ուսումնասիրում են ստացված բոլոր դիմումները։ Փուլ առ փուլ կսկսվի անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։ Համապատասխան ծառայությունների ներգրավմամբ ամբողջ օրվա ընթացքում իրականացվել են ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Տեղումների հետևանքով մի շարք գյուղերում վնասվել էին էլեկտրահաղորդման գծերը, ինչի պատճառով բնակչության մի մասի էլեկտրամատակարարումն ընդհատվել էր։ Այս պահի դրությամբ էլեկտրամատակարարումը վերականգնված է»,- հայտնել են «Աջարա Թայմս»-ին Քոբուլեթիի քաղաքապետարանից։