Քրեակատարողական հիմնարկներում արդարադատության տներ են բացվում

Վրաստանի արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ հունիսի 12-ից արդարադատության տան ծառայությունները դատապարտյալներին հասանելի կլինեն պատիժը կրելու վայրերում։

Նախարարության տեղեկացմամբ՝ նախագիծը վրացական նորամուծություն է, և նման օրինակ չկա աշխարհի ոչ մի երկրում։ Ըստ հաղորդագրության՝ 16-րդ քրեակատարողական հիմնարկում արդարադատության նախարարի նախաձեռնությամբ բացվել է արդարադատության տան առաջին մասնաճյուղը։

«Քրեակատարողական հիմնարկում գտնվողներին հասանելի են Արդարադատության տան ավելի քան 50 ծառայություններ, դրանց թվում՝ անձը հաստատող փաստաթղթերի ստացումը, ծննդյան գրանցումը, անչափահաս երեխաներին վերաբերող հարցերին համաձայնություն տալը, քաղաքացիության հետ կապված հարցերը, միայնակ ծնողի կարգավիճակի որոշումը, ամուսնալուծության գրանցումը, վկայականի ձեռքբերումը, որպես ձեռնարկատեր գրանցումը և այլն: Դատապարտյալները համապատասխան ծառայությունը կարող են ստանալ նախնական ամրագրմամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, մասնաճյուղերը սպասարկելու են նաև քրեակատարողական ծառայության աշխատակիցներին։

«Մինչ այժմ կալանքի տակ գտնվող անձինք ծառայությունը կարող էին ստանալ կամ երրորդ անձին տրված լիազորագրի, կամ արդարադատության տան հետ գրավոր հաղորդակցության միջոցով։ Երկու դեպքում էլ ծառայությունը կատարվել է երկարաժամկետ և անբավարար ընթացակարգով։ Քրեակատարողական համակարգում արդարադատության տան մասնաճյուղերի բացումից հետո դատապարտյալների սպասարկումը կլինի նույնքան հարմարավետ, որքան Արդարադատության տան ցանկացած այցելուի համար»: