Կնոջը սպանելու մեղադրանքով ամուսինը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թբիլիսիի քաղաքային դատարանը 32-ամյա Նիկոլոզ Լաչաշվիլիին մեղավոր է ճանաչել իր նախկին կնոջ՝ 27-ամյա Մարիտա Մազիաշվիլիի սպանության համար՝ 18 տարվա ազատազրկման դատապարտելով։

«Դատաքննության ընթացքում ապացուցվել է, որ 2023 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիի Կուկիա բնակավայրում մեղադրյալը պարանով խեղդամահ է արել նախկին կնոջը, այնուհետև հետքերը ծածկելու նպատակով, դիակը դրել է ավտոմեքենայի բեռնախցիկում, տեղափոխել Գլդանի թաղամաս և նետել ձորը», — հայտնում են դատախազությունից։

Դատախազությունը հայտնում է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը՝ պահանջելով խստացնել պատիժը։

Իրավապահները Լաչաշվիլիին ձերբակալել էին 2023 թվականի հունիսի 6-ին։ Հետաքննությունն սկսվել էր Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով՝ ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն։